Ղարաբաղյան հակամարտության խնդիրը ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները քննարկել են փոխզիջում գտնելու անհրաժեշտության համատեքստում: Այս մասին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Գոայում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ-ի նիստի մասին: «ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները վերացնելու նպատակով: Մենք որևէ կերպ պետք է արձագանքենք մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությանը, սակայն պետք է աշխատենք, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ են հասել անցյալից, կարգավորվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա: Հենց փոխզիջման, որին պատրաստ է գնալ և՛ մի կողմը, և՛ մյուսը: Այս համատեքստում քննարկել ենք նաև ղարաբաղյան խնդիրը», - փոխանցում է РИА Новости-ն: ՌԴ նախագահն ընդգծել է, որ Երևանում քննարկել են նաև Խորհրդային Միության նախկին պետությունների միջև առկա «որոշակի լարվածությունը»: