ԼՂ հակամարտության հարցում «Ռուսաստանը փաստաբան կամ դատախազ չէ». Անդրեյ Կլիմովը
Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորման գործընթացում «Ռուսաստանը փաստաբան կամ դատախազ չէ, մենք հույս ունենք, որ կողմերը փոխզիջումային լուծում կգտնեն», հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը:
Ռուս խորհրդարանականը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն անդրադարձել է «Մոսկվա-Բաքու առանցք. Դեպի նոր կովկասյան աշխարհաքաղաքականություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Կլիմովը նաև նշել է` Ռուսաստանի համար կարևոր է, որ գործընկեր երկրներն իրենց արտաքին և ներքին քաղաքականությունները ձևավորեն առանց այլ երկրների ազդեցության և միջամտության, հայտարարել է:
Ավելի վաղ կանադական հետազոտական Geopolitical monitor կենտրոնը, ղարաբաղյան հակամարտությունում ստատուս–քվոյի փոփոխություն կանխատեսելով, նշել էր, որ Մոսկվան մեծ աշխարհաքաղաքական «մասնաբաժին» ունի ղարաբաղյան հակամարտությունում`զենքեր է առաքում Երեւանին ու Բաքվին, պահպանում է ռազմական բալանսն ու ստատուս–քվոն`թույլ չտալով այլ երկրների, օրինակ՝ Թուրքիայի ու Իրանի ազդեցությունն այդ հակամարտության վրա։