Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել են հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում ձերբակալված, այնուհետև կալանավորված իրավապաշտպաններին:
Ըստ հայկական «Ակոս» թերթի կայքի՝ կալանավորված իրավապաշտպանները պատգամավորներին հայտնել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն):
Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը երկլեզու «Ակօս» շաբաթաթերթը կալանավայրերում արգելելու հարցը բարձրացերել է Թուրքիայի մեջլիսում:
Սելինա Դողանը Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված հարցապնդում է ներկայացրել՝ պահանջելով պարզաբանել ձերբակալված իրավապաշտպանների սահմանադրական իրավունքների խախտումները, որոնք կատարվում են Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով:
Դողանը հարցապնդման մեջ հետեւյալ հարցերն է ներկայացրել.
1. Ի՞նչ հիմնավորմամբ «Ակօս» թերթը չեն տվել Սիլիվրի բանտում պատիժ կրող Օզլեմ Դալքըրանին:
2. Ո՞ր լրատվամիջոցներն են արգելված կալանավորների համար:
3. Կա՞ն գործնականում կիրառվող չափորոշիչներ, որոնք կարգավորված չեն իրավական սահմանափակումով, եւ որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ:
Թուրքիայում գործող «Հայրենակցություն» միության հիմնադիր անդամ, իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանն էլ հայտնել է, որ կալանավայրի ղեկավարությունն իրեն թույլ չի տալիս կարդալ «Ակոս» պարբերականը՝ ակնհայտորեն խախտելով տեղեկատվություն ստանալու իր սահմանադրական իրավունքը:
Ըստ Դալքըրանի` կալանավայրի ղեկավարությունն այդ սահմանափակումը պատճառաբանում է «Ակոս»-ում հայերեն էջերի առկայությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Ստամբուլում մի սեմինարի ժամանակ ձերբակալվել էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների 10 անդամներ, որոնց թվում նաև՝ գերմանացի իրավապաշտպան, «Amnesty International»-ի անդամ Պետեր Շտոյդթները:
Նրանցից 6-ի նկատմամբ ավելի ուշ կալանավորման որոշում է կայացվել: Վերջիններս մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: