25.11.2024
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
prev Նախորդ նորություն

Նոր բացահայտումներ «Ադրբեջանական լվացքատն»-ից. CNN-ի աշխատակիցը 2.6 մլն դոլար է ստացել

«Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած կաշառակերության աղմկահարույց գործի հետաքննության շրջանակներում նոր բացահայտումներ են կատարվել:


Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, «Կազմակերպված հանցավորություն և կաշառակերության լուսաբանման նախագիծը» (OCCRP) բացահայտել է, որ CNN-ի նախկին պրոդյուսեր Էքարտ Սեջերը 2.6 մլն դոլար է ստացել բրիտանական ընկերություններից, այդ թվում և Hilux Services-ից: Գումարը փոխանցվել է Սեջերի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված հաշվեհամարին:


Բացահայտման համաձայն՝ Սեջերը, գումար ստանալով Ադրբեջանից, հոդվածներ է հրապարակել՝ քարոզելով Ադրբեջանի տեսակետն տարբեր հարցերի շուրջ կամ պաշտպանել է ադրբեջանամետ գործիչներին:


Այդ հոդվածներից մեկը պաշտպանում է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին, որին մեղադրում են Ադրբեջանից գումար ստանալու և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին ԵԽԽՎ զեկույցը վերանայելու մեջ:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Եվրախորհրդարանը քվեարկել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող գործով հետաքննություն սկսելու օգտին:


Նշվում է, որ ապօրինի ֆինանսական սխեմայի միջոցով Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին: Խոսքը 2012-2014 թվականներին Ադրբեջանից 2.9 մլրդ դոլարի փոխանցման մասին է:


Ինչպես ավելի վաղ բացահայտել էր The Guardian պարբերականը, դրամական միջոցները, որոնք ներդրվել են Ադրբեջանի և Ռուսաստանի անթափանց վճարային համակարգերի միջոցով, ուղևորվել են բրիտանական ընկերություններ: Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ Danske-ն, վճարումներ է կատարել Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով: