Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաքյան Քրդստանի համար սահմանները փակելու ու նավթի արտահանմանը խոչընդոտելու մասին հայտարարություններին ի պատասխան քրդերը կարծում են, որ նավթը նույն հաջողությամբ կարող են արտահանել նաև Սիրիայի տարածքով՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելով Միջերկրական ծովով այն դուրս բերելու ուղղությամբ: Այս մասին խոսել է Քրդստանի դեմոկրատական կուսակցության ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրը: Բաբաքրը նշել է, որ այդ ուղղությամբ նրանք արդեն բանակցություններ են սկսել սիրիական համապատասխան կառույցների հետ: Նա ասել է, որ եթե Թուրքիան իսկապես նրանց դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառի՝ դա կվնասի ոչ միայն Քրդստանին, այլ նաև հենց Թուրքիայի տնտեսությանը։ Հիշեցնենք, որ Քրդստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի ընթացքում անկախությանն «Այո» է ասել քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը: Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քրդստանին վերջնագիր էր ներկայացրել, ըստ որի` այն պարտավոր է երեք օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։ Իր հերթին, Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնացել էր տնտեսական պատժամիջոցներով սովի մատնել Քրդստանի ժողովրդին և չէր բացառել ռազմական միջամտությունը: