Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին։ Դեսպանը նշել է, որ նախագահը աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերից 15-16-ին: «Մենք ակնկալում ենք, որ «Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև մեր նախագահը: Ենթադրում ենք, որ նա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 15-ից 16-ը», - նշել է Տողանյանը: Վերջինս նաև ասել է, որ այցի օրակարգի մասին խոսել դեռ վաղ է։ Հիշեցնենք, նոյեմբերի վերջին Բրյուսելում նախատեսվում է ստորագրել Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Ավելի վաղ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, «դրանում կասկած չկա, և գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որևէ քննարկում չկա»: