26.11.2024
«Ֆլեշ»-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանի մերձավորների շուրջ օղակը սեղմվում է. ե՞րբ հերթը նրան կհասնի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում. նրա ընտանիքի անդամներն ու ամենամերձավոր անձինք հերթով հայտնվում են իրավապահների «թիրախում»: Երեկ ԱԱԾ-ն մի քանի ժամ շարունակ հատուկ գործողություններ է իրականացրել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Ավելի ուշ Ալեքսանդր Սարգսյանն ու նրա որդին՝ Հայկ Սարգսյանը, տարվել են ԱԱԾ: Միաժամանակ ԱԱԾ աշխատակիցները նրանց տանից հանել եւ իրենց հետ տարել են փաթեթավորված իրեր, խոսվում է նաեւ նրանց տանը զենք հայտնաբերելու մասին: Թե կոնկրետ ի՞նչ գործի շրջանակներում է արվել այս ամենը, հայտնի չէ. ԱԱԾ-ից որեւէ պարզաբանում չեն տվել, բայց խոստացել են մանրամասներ հայտնել, նաեւ տեսանյութ հրապարակել: Ա. Սարգսյանի մյուս որդուն՝ Նարեկ Սարգսյանին առնչվող դեռ 2007թ. տեղի ունեցած մի դեպքով քրեական գործի վարույթը վերսկսվել է: Բայց ասում են՝ Ն.Սարգսյանը լքել է ՀՀ-ն: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները Ալեքսանդր Սարգսյանին Երեւանի Սայաթ-Նովա փողոցից բերման էին ենթարկել՝ ապօրինի զենք-զինամթերք պահպանելու կասկածանքով, բայց ավելի ուշ ազատ էին արձակել: Դրանից հետո իրավապահները նաեւ մեղադրանք են առաջադրել Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, նրա զավակներին՝ Նարեկ եւ Անի Սարգսյաններին, ապօրինի հարստացման համար. նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել: Միաժամանակ երեկ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, բռնության գործադրմամբ ինքնիրավչության համար: Նա եւս ստորագրությամբ ազատ է արձակվել: Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչիկ Ղազարյանն էլ ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված է: Կարճ ասած` Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը հայտնվել է իրավապահների թիրախում: Եւ ահա այս ամենի ֆոնին ուշագրավ է Սերժ Սարգսյանի լռությունը. նա որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցածին: «Ժողովուրդ օրաթերթը փորձել է Սարգսյանի տեսակետն իմանալ նաեւ նրա գրասենյակի միջոցով: Սակայն ապարդյուն. մեր հեռախոսազանգերն արդեն մի քանի օր է՝ մնում են անպատասխան»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ եւ հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը։ Նրանց իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից, եւ դրանից անմիջապես հետո Ալեքսանդր Սարգսյանին պատկանող Թումանյան փողոցի բնակարանում խուզարկություն է սկսվել։ Մոտ 9 ժամ տեւած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենք, գումար եւ առգրավվել է մի գեղանկար։ Իրեն՝ Սաշիկ Սարգսյանին, եւ որդուն՝ Հայկ Սարգսյանին, բերման են ենթարկել»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել՝ մաքրվել օդիոզ ֆիգուրներից։ Նա ընտրել է ՀՀԿ հնարավորինս չվարկաբեկված եւ ինտելեկտուալ 3 դեմք՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, որոնք պետք է իրականացնեն ռեստարտը եւ որոնք ընդունելի են Արեւմուտքում։ Իսկ ԱՄՆ իշխանությունը, ըստ լուրերի, անգամ ողջունում է այս «ռեստավրացիան»։ Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդիպում է քաղաքական ընդլայնված կազմի կամ «առողջացման ծրագիր մշակող եռյակի» հետ, քննարկում, թե ինչպես վերականգնել ՀՀԿ-ի հեղինակությունը եւ չպարտվել ընտրություններում։ ՀՀԿ-ից չհերքեցին, որ նման պրոցես կա։ Նրանք կարծում են, որ ընտրություններին պետք է մասնակցել թեկուզ 10-15 հոգանոց, բայց «մաքուր» ցուցակով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին, որը խոստովանել է, թե տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով անցնում է նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, բայց ոչ թե հիմնադրամի միջոցներն օնլայն խաղադրույքների ուղղելու, այլ բոլորովին ուրիշ դրվագով, որը եւս կապված է միջոցները ոչ արդյունավետ ծախսելու հետ: Ու հիմա չի բացառվում, որ նրան եւս հարցաքննության կանչեն ԱԱԾ: Տեղեկությունը փորձեցինք պարզել հենց Արկադի Ղուկասյանից, ինչին ի պատասխան` վերջինս ասաց. «Հոգաբարձուների խորհրդի անդամներս որեւէ կապ չունենք այդ ֆինանսական գործունեության հետ, եւ ամեն տարի ինչ-որ աուդիտ են անում, հատուկ կազմակերպություններ են հրավիրում, որոնք ստուգում են այդ ֆինանսական գործունեությունը: Որեւէ հոգաբարձուների խորհրդի անդամ որեւէ կապ դրա հետ չունի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ բացահայտումների արդյունքում երկու հոգի է ձերբակալվել, որից մեկը՝ նախկին փոխնախարար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԻՆ-ում բացահայտումները կապված են հրդեհաշիջման համար նախատեսված փրփուրների վաճառքի հետ. դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին: Բացի այդ` նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստները անվճար տրամադրելու փոխարեն վաճառվել են: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Այս գործով երկու անձ ձերբակալվել է յուրացումների համար: Պաշտոնատար անձիք, որոնք այժմ չեն աշխատում, նախկին պաշտոնատար անձիք` վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ այլն»: Վանեցյանը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը : «Նախաքննական գաղտնիք է»,- ասել է նա: Ի դեպ, այս գործով չեն բացառվում սենսացիոն բացահայտումները, անգամ չի բացառվում` պարզվի, որ այս ամենի հետ կապ ունի նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ հիմա պաշտպանության նախարարն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տևական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՔԾ ներկայացված հաղորդումը հնարավոր է լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին: Բանն այն է, որ Աբրահամյանը և Սարգսյանը տարիներ ի վեր հակասություններ են ունեցել, որոնք եկել են թե բիզնեսում իրար մրցակից լինելուց, թե մարզում քաղաքական առումով մրցակցությունից, իսկ հակասությունները սրվել են հատկապես ընտրական շրջանում: Մենք ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ եղած ժամանակ Աբրահամյանը պարբերաբար կտրուկ էր արտահայտվում Ալիկ Սարգսյանի մասին՝ պահանջում մարզային մասշտաբով անցկացվելիք միջոցառումների ժամանակ հրավիրողներն ընտրություն կատարեն իրենց մեջ՝ կամ իրեն հրավիրեն, կամ Ալիկ Սարգսյանին: Ասում են, թե նախկին ոստիկանապետի նկատմամբ նման թշնամական վերաբերմունքի պատճառն այն է, որ Աբրահամյանը համարում է, որ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու շրջանում Սարգսյանն աշխատել է իր դեմ, և ինքը որոշել է դա անհետևանք չթողնել: Ի դեպ, մի անգամ, երբ մեր լրագրողը հարցրել էր Ալիկ Սարգսյանին, թե Հովիկ Աբրահամյանի հետ ո՞նց եք, նա պատասխանել էր՝ «Ոչ մի ձև»: Էլ ձիու վրա չէ, դրա՞ համար: «Չէ, ձիու վրա եղած ժամանակ էլ չէինք հանդիպում. ո՛չ խոսելու ինչ-որ բան ունենք իրար հետ, ո՛չ էլ ուրիշ բան»: ՀՀԿ կառույցն եք, ի վերջո, մարզում ղեկավարում։ «Դե, ես իմ գործին եմ, իսկ մնացածի նկատմամբ շատ իներտ եմ և չեմ ուզում որևիցե ակտիվություն ցուցաբերեմ»,- ասել էր նախկին ոստիկանապետը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակի, նախատեսված է վարչապետի՝ մինչև 7–ական օգնական և խորհրդական: Բայց նշված թիվը չի վերաբերում հասարակական հիմունքներով խորհրդականներին: Քանի որ իրենք չեն վարձատրվում, նրանց թիվը ներառված չէ հաստիքացուցակի մեջ: Սահմանված թիվ չկա, թե վարչապետը հասարակական հիմունքներով քանի խորհրդական կարող է ունենալ: «Փաստ»–ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը: «Այս թիվը ոչ թե առկա օգնականների, այլ հաստիքների թիվն է: Օգնականները ժամանակի ընթացքում համալրվում են: Իսկ փոխվարչապետներից յուրաքանչյուրն ունի իր գրասենյակը, և գրասենյակների աշխատակիցների ֆիքսված հաստիքների քանակ կա: Այդ հաստիքների մեջ արդեն փոխվարչապետներն իրենք են որոշում, թե քանի խորհրդական, քանի օգնական նշանակեն: Օրինակ` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակն ունի 19 հաստիք, մյուս փոխվարչապետերի գրասենյակները` 15– ական հաստիքներ»,–ասաց նա: Նաև հայտնեց, որ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակը ձևավորված է, պարզապես նշանակումները դեռ շարունակվում են. «Վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը 580 է»:


«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը։ Բալայանը հայտարարագրել է երկու բնակարան և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Նրան է պատկանում նաև «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I» մակնիշի ավտոմեքենա։Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 50 ԱՄՆ դոլարի չափով բաժնեմաս ու 4 հազար դոլարի չափով այլ ներդրումներ։ Հայտարարագրել է նաև փոխառություններ՝ կրկին 4 հազար դոլարի չափով։ Դրամական միջոցները մայիսի 29–ի դրությամբ կազմել են 32 հազար ամերիկյան դոլար, 480 հազար ռուսական ռուբլի ու 1100 եվրո, իսկ եկամուտները՝ ստացվել են 2 միլիոն 148 հազար, 37 հազար ու 42 հազար ռուբլի աշխատավարձերից։ Բացի այդ, նա վաճառել է 28 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք, սակայն հայտարարագրում նշված չէ, թե ինչ գույքի մասին է խոսքը»։