Կրեմլը հաստատեց ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Սոչիում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Լուկաշենկոն աշխատանքային այցով այսօր կժամանի Սոչի և ՌԴ նախագահը իր աշխատանքային օրը կշարունակի նրա հետ քննարկումներով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պեսկովը նաև ասել է, որ ցանկացած անհամաձայնություն Ռուսաստանի և Բելառուսի միջև կրում է աշխատանքային բնույթ և կարող է կարգավորվել: «Երկու երկրների համագործակցության ծավալը բոլոր ոլորտներում այնքան մեծ է, որ այս հարաբերությունները չեն կարող իրականացվել կամ գոյություն ունենալ առանց որոշակի անհարթությունների: Բայց դրանք աշխատանքային են և կարգավորվում են: Նաև հենց այդ նպատակով են հանդիպում նախագահները»,- հավելել է Պեսկովը: