Վիեննայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Հանտիպմանը ներկա են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Նշվում է, որ նախ ընդլայնված կազմով հանդիպում է լինելու եռանախագահների, արտգործնախարարների մասնակցությամբ, ապա Փաշինյանն ու Ալիևը առանձնազրույց կունենան: Ալիեւի ու Փաշինյանի այսօրվա հանդիպումը կտեւի շուրջ 2 ժամ: Հիշեցնենք, սա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն է: Մինչ այդ նրանք մի քանի անգամ ոչ պաշտոնական շփումներ են ունեցել, որոնցից մեկի ժամանակ՝ Դուշամբեում պայմանավորվածություն ձեռք բերվեց շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ: Սույն բանավոր պայմանավորվածությունից հետո սահմանային լարումներն էապես թուլացել են: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վարչապետը հայտարարել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչին դեմ է Ալիեւը: