Իշխանության եկածները անցած մեկ ու կես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել: Այդ մասին Զագրեբում ԵԺԿ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սարգսյանը սկսել է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության բացահայտ քննադատությունը՝ թե՛ ներքին կյանքում որևէ լուրջ, բեկումնային, հեղափոխական փոփոխություն չիրականացնելու համար, թե՛ արտաքին քաղաքական ձախողումների և դա անում է եվրոպական ամբիոնից:
Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը այսպես կոչված թավշյա հեղափոխության ընթացքում հրաժարական ներկայացնելով ընդամենը, շախմատային լեզվով ասած, գամբիտ արեց՝ զոհաբերեց իրեն զիջելով իշխանությունը, սակայն հավանաբար դա արվել է, ինչպես և շախմատում, ավելի լավ դիրքավորում ստանալու և շախմատային պարտիայի միայն մի փուլում պարտություն կրելու միջոցով սկսելու նոր շախմատային պարտիա արդեն այլ ֆիգուրներով:
Սարգսյանը տեսնում է, որ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում՝էյֆորիան անցել է և նա սկսում է երկարատև լռությունից հետո քաղաքական գնահատականներ հնչեցնել՝կոշտ ձևով քննադատելով այսօրվա իշխանություններին այդ կերպ նաև որոշակի մեսիջ հղելով ներքաղաքական դաշտի բազմաթիվ նոր և հին խաղացողներին՝միավորվելու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության՝կոնսենսուս մինուս մեկ բանաձևով:
ՀՀ-ի ներքաղաքական շախտամատային պարտիայում նոր ֆիգուրներ են հայտնվել՝ ՎԵՏՕ-ն, Ադեկվադը, Վերնատունը, որոնք կարող են վերածվել հակափաշինյանական բևեռների: Չմոռանանք, որ ՀՀԿ-ն, որի նախագահն է Սերժ Սարգսյանը, դեռևս պահպանում է որոշակի ֆինանսական, մարդկային ռեսուրսներ, ինչպես նաև ազդեցություն մարզերում՝ Փաշինյանի հրամանով հեռացված բյուրոկրատիան պոտենցիալ դառնում է հակափաշինյանական ճամբարի մասնակից կամ ռևանշիստ:
«Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից», - ասել է Սերժ Սարգսյանը։
Սարգսյանի այս մեսիջը խոսում է այն մասին, որ նա չի ցանկացել մարտի 1-ի դեպքերի կրկնություն և քաղաքացիական պատերազմ: Սարգսյանը շեշտում է, որ ոչ թե զիջել է իշխանությունը, քանի որ չէր կարողանալու պահել այն ուժային մեթոդներով, այլ ուղղակի չի ցանկացել ցնցումներ և մարդկային զոհեր:
«Ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ», - ասաց ՀՀ երրորդ նախագահը:
Սարգսյանը կարծես քաղաքականություն վերադառնալու նոր հայտ է ներկայացնում՝հղում անելով հասարակական այն տրամադրություններին, որ չպետք էր իշխանությունը զիջել պոպուլիստներին:
Սարգսյանը զիջել է իշխանությունը, որպեսզի ժողովուրդը կարողանա տեսնել նոր իշխանությունների բոլոր թերությունները, անփորձությունը, անկարողությունը լուծելու լուրջ խնդիրներ՝ այդ կերպ ժամանակը մաշեցնելու էր Նիկոլ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշը: Սարգսյանն ընդամենը ժամանակն օգտագործում է Փաշինյանի և նրա թիմի դեմ, որպեսզի կարողանա ռևանշի հասնել, սակայն այլ շախտամատային ֆիգուրներով և ավելի շատ կուլիսներից ղեկավարելով բոլոր նոր շարժումները: