ԿԸՀ-ն չի քննել Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Գլխավոր դատախազություն է վերադարձրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով։
Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, ավելի վաղ Գլխավոր դատախազությունը համապատասխան դիմում էր ուղարկել հանձնաժողով, սակայն այն սահմանված ժամկետում չէր քննվել՝ ծանրաբեռնվածության պատճառով։
Հանձնաժողովից պարզաբանել են, որ նման հարցեր քննելու ԿԸՀ լիազորություններն արդեն դադարել են։ Այդ լիազորությունները գործել են մինչև հուլիսի 4-ը՝ ընտրությունների վերջնական արդյունքների ներկայացման օրը, իսկ Սահմանադրական դատարան դիմելու դեպքում՝ մինչև ՍԴ որոշման հրապարակման պահը։
«Պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալը դուրս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից»,- հայտարարել են ԿԸՀ-ից։
Հայաստանի Գլխավոր դատախազությունից հանձնաժողովի որոշումը դեռևս չեն մեկնաբանել։