Օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» հեծանվային արշավը
Այս տարվա սեպտեմբերին կայանալիք Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը:
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝
♦ մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,
♦ մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ,
♦ մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։
Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝ թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները:
Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։
Հեծանվային արշավին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
♦ մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը (մարզ, համայնք, բնակավայր),
♦ անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
♦ բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը: