Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվելու է պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: «Ենթադրվում է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Կարծարծվի, մասնավորապես, թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել է նա: Բացի այդ, քննարկվելու է նաև ԱՊՀ երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարությունը, նախատեսվում է որոշում ընդունել 1979-1989 թվականներին Աֆղանստանում պատերազմի տարիներին անհետ կորած զինծառայողների որոնումը շարունակելու մասին: Որոշումներ կընդունվեն նաև «տնտեսական հարցերի, հակամենաշնորհային կարգավորման, անասնաբուժության, ռադիոնավիգացիայի եւ այլ թեմաների վերաբերյալ, որոնք վերաբերում են Համագործակցության բոլոր պետությունների շահերին: