Ադրբեջանում շուրջ երեք տարի գերերված և 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր Եվրոպական դատարանում գործընթաց սկսելու համար։
«Նախապատրաստական փուլում ենք, շաբաթներ անց արդեն գործը մուտք կարվի», - «Ազատությանը» ասաց Սահակյանը: «Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ Վարդանյանի կողմից չի իրականացվել: Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն, մինչդեռ չի կարող լինել պատիժ՝ առանց օրենքով նախատեսված արարքի»:, - ընդգծեց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի բանտերում պահվող մյուս 15 հայ գերիներին, որոնց շարքում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա Բաքուն դեռ հրաժարվում է նրանց ու նաև վերջիներիս հանրային պաշտպաններին տրամադրել դատավճիռները, որոնք հրապարակվել էին դեռևս ութ ամիս առաջ: Այսինքն՝ 15 հայ գերիներն առայսօր զրկված են իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից, մասնավորապես՝ թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել նրանց և ինչ ապացույցների հիման վրա:
«Կարծում եմ՝ փորձում են խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին, և նաև մենք չենք բացառում , որ այդ դատավճիռնեը վերջնականացված էլ չեն, քանի որ դատավարությունը ինքնին շինծու էր, և քաղաքական պատվերով էր ձևավորվել դատավարության ելքը: Կարծում եմ՝ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ողջ իրավապահ համակարգը ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնի այդ դատական ակտում, քանի որ գիտակցում են, որ այս գործընթացները տեղափոխվում են միջազգային ատյաններ», - ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռները: Եթե Ադրբեջանի դատական իշխանությունները շարունակեն չտրամադրել, ապա այն կստանան արդեն ՄԻԵԴ-ի միջոցով: Միջազային դատարանը միջանկյալ որոշում է կայացրել, համաձայն որի՝ մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի 15 քաղաքացիների դատավճռները պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան:
«Եթե Եվրոպական դատարանին էլ չտրամադրեն, մենք այստեղ կունենանք նոր որակի մարդու իրավունքների խախտման պնդումներ, կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն գնա այդ ճանապարհով և առնվազն դատավճիռները կտրամադրեն դատարանին», - ընդգծեց Սահակյանը:
Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: