24.11.2024
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին
prev Նախորդ նորություն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հերթական այս արշավը անթույլատրելի է. ՀՅԴ

Իշխանության քաղաքական շահախնդրություններն արդեն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունում։


«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հերթական այս արշավը անթույլատրելի է ու խիստ վտանգավոր` դա նենգ ու թշնամական հարված է պետությանն ու ժողովրդին»:


ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն իշխանություններից պահանջում է հստակ դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ և համապատասխան վերաբերմունք դրսևորել նմանօրինակ կեցվածք ցուցաբերած քաղաքական, պետական, հանրային գործիչների հանդեպ, նաեւ արձանագրում․


«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների դեմ ցանկացած ոտնձգություն մեր կողմից արժանանալու է համարժեք պատասխանի»:


ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունում նշվում է, որ երկրում արտակարգ դրություն է, որը «ենթադրում է համարժեք կեցվածք բոլորի` թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական դաշտի, թե՛ հասարակության կողմից: Համաճարակի, դրա հետևանքով առաջացած բազմաթիվ առկա ու սպասելի առողջապահական, տնտեսական, սոցիալական և այլ մարտահրավերների լուծումը պահանջում է բոլոր ուժերի ու կարելիությունների համախմբում: Միայն համախմբման ու փոխօգնության ճանապարհով մենք` որպես պետություն ու ժողովուրդ, կկարողանանք հաղթահարել այս տագնապը»:


Այս գիտակցությամբ ու համոզմունքով է ՀՅԴ-ն արտակարգ պայմաններում գործում «արտակարգ ռեժիմով` հնարավորին օգնությունը ցուցաբերելով մեր հայրենակիցներին և իրավիճակի հաղթահարման իր առաջարկները ներկայացնելով կառավարությանը»:


«Ցավոք, համախմբվելու և հիմնախնդիրները միասնաբար հաղթահարելու այս գիտակցությունն իշխանության կողմից առայժմ ոչ միայն չի կարևորվում ու չի կազմակերպվում, այլև հակառակը` շարունակվում է հասարակությունը պառակտելու հին, արատավոր ու խիստ վտանգավոր գործելաոճը: Իշխանության քաղաքական շահախնդրություններն արդեն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները», նշված է Դաշնակցության Հայաստանի ԳՄ հայտարարությունում:


«Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացված հորդորով:


Ցավոք, այդ մարդասիրական հորդորը դեռևս ոչ միայն պաշտոնական պատասխանի չի արժանացել, այլև կազմակերպված կերպով սանձազերծվել է տգեղ ու անբարոյական քարոզարշավ Հայոց Հայրապետի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին»: