24.11.2024
ՀՀ-ում գրանցված օդանավերն Աֆրիկայում ներգրավված են եղել զենքի անօրինական փոխադրումներում
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը, վստահաբար, նահանջելու է, բայց հիմա լինենք կարգապահ. նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով:


«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,


Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար:


Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է ու հաղթահարելի:


Պատմությունը մեզ սովորեցրել է չընկճվել և հաղթահարել դժվարությունները: Հիշենք, որ անցել ենք բնության արհավիրքի՝ Սպիտակի երկրաշարժի միջով: Ապրել ու աշխատել ենք պատերազմական ծանր տարիներին: Հաղթել ենք արցախյան գոյամարտում, կառուցել մեր նոր, անկախ հայրենիքը:


Կորոնավիրուսի դեմ պայքարում ևս հանգուցալուծումը կախված է մեզնից՝ թե որքան միասնական, համախմբված, պատասխանատու, կազմակերպված և կարգապահ ենք:


Սիրելի՛ բարեկամներ,


Այսօրվա պայքարում առավել զգայուն խմբում մեր տարեցները և խոցելի առողջություն ունեցող քաղաքացիներն են: Իմ բոլոր մտքերը և զգացմունքները, վստահ եմ, նաև ձեր մտքերը և զգացմունքները առաջին հերթին նրանց մասին և նրանց հետ են: Սեր ու հոգատարություն է պետք նրանց նկատմամբ։ Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրանց պաշտպանելուն:


Խորապես հասկանում եմ, որ դժվարին իրավիճակ է հատկապես սոցիալապես խոցելի և անապահով մեր հայրենակիցների համար։ Ես հասկանում եմ, որ ձեռնարկվող քայլերը դեռևս հիմնովին չեն փոխում ձեր վիճակը: Պետության աջակցությունից բացի շատ կարևոր է միմյանց սատարելը:


Օգնենք հարևանին, ծանոթին ու անծանոթին, նրանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն: Մենք այսօր խուսափում ենք ձեռքով բարևել: Սակայն երբե՛ք, երբե՛ք չպետք է դադարենք օգնության ձեռք մեկնել միմյանց:


Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհակալ եմ այս օրերին ձեր համբերության ու ըմբռնման համար:


Շնորհակալ եմ նաև արտակարգ դրությանը պատասխանատվությամբ արձագանքելու համար:


Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր նորօրյա հերոսներին՝ առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ բժշկից ու բուժքրոջից մինչև շտապօգնության մեքենայի վարորդ: Նրանք այսօրվա պայքարի առաջին գծում են: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս այս օրերին նորովի գնահատեց նրանց անձնուրաց աշխատանքը:


Շնորհակալ եմ այն կամավոր ուսանողներին և դասախոսներին, ովքեր այս պահին հիվանդների կողքին են:


Շնորհակալ եմ պետական համակարգի ծառայողներին՝ ոստիկանից, զինվորականից մինչև փրկարար ու դիվանագետ, որոնք այս ծանր պայմաններում շարունակում են պատվով կատարել իրենց պարտականությունները:


Շնորհակալ եմ ուսուցչին և հեռավար սովորող ուսանողին, խանութի գանձապահին ու հավաքարարին, տաքսու վարորդին, բոլորին, ովքեր այս օրերին իրենց աշխատանքով կիսում են պետության և հասարակության ծանր բեռը:


Խնդրում եմ սերս և շնորհակալությունս փոխանցել մեր հասարակության կրտսեր, ամենասիրելի և ամենագնահատելի անդամներին՝ մեծ ու փոքր երեխաներին: Նրանց համար նույնպես շատ դժվար է տանը նստել գարնանային այս օրերին: Բայց հենց այդ սերունդն է վաղը հաղթահարելու ցանկացած այլ դժվարություն:


Շնորհակալությունս բոլոր այն ընտանիքներին, ովքեր մեկուսացած են իրենց տներում:


Շնորհակալ եմ բոլոր փոքր, միջին ու մեծ գործարարներին: Նրանց վրա է հենվում երկրի տնտեսությունը, որը այս օրերին հսկայական ճնշման տակ է: Գործարար-պետություն համագործակցությունը պետք է ամուր լինի։ Ներկա վիճակից պետք է դուրս գալ փոխըմռնման և փոխօգնության համատեղ ջանքերով։


Առանձնակի ցավ ու վիշտ եմ ապրում Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում մեր ժողովրդի զավակների կորստի համար: Ցավակցում եմ նրանց ընտանիքներին ու հարազատներին։


Սիրելինե՛րս,


Կորոնավիրուսի թեստերից բացի մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում: Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը:


Կորոնավիրուսը, վստահաբար, նահանջելու է։ Մենք կրկին անցնելու ենք բնականոն կյանքի: Ես սպասում եմ այդ օրվան, երբ տատիկներն ու պապիկները նորից կգրկեն իրենց թոռնիկներին, երբ մայրիկները իրենց փոքրիկներին կտանեն մանկապարտեզ, երբ ուսանողները կշտապեն համալսարան, իսկ աշակերտները՝ դպրոց, երբ երիտասարդները սիրելիների և ընկերների հետ կլցնեն զբոսայգիները, փողոցները, սրճարանները, մեր գյուղերն ու քաղաքները:


Այդ օրը, վստահաբար, գալու է: Սակայն մինչ այդ պետք է շարունակել լինել կարգապահ, պատասխանատու և կազմակերպված:


Եղե՛ք առողջ, եղե՛ք զգոն:


Եղե՛ք հոգատար ու սրտացավ:


Աստված պահապան բոլորիս...»,- ասված է ուղերձում: