24.11.2024
ՀՀ երկրորդ նախագահին Կաթողիկոսի անդրադարձը այլափոխված է. Էջմիածին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում գրանցված օդանավերն Աֆրիկայում ներգրավված են եղել զենքի անօրինական փոխադրումներում

01․10․2018-ի դրությամբ՝ ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են ՀՀ-ից դուրս, որից 10-ը աֆրիկյան երկրներում ՝ Հարավային Սուդան, Չադ։ Այս մասին Ազգայինժողովում կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ հայատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում կան խորքային խնդիրներ:


Փաշինյանն այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն իր մամուլի ասուլիսում փաստել է, որ եղել են բազմաթիվ խնդիրներ եւ բացթողումներ, մասնավորապես՝ իրեն չեն հասցրել ճիշտ ինֆորմացիա։ Պատգամավորը հետաքրքվեց, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու այս բացթողումների համար։ «Գնահատվե՞լ է այն վնասը, որ հասցվել է ոլորտին եւ կառավարությունն ի՞նչ է նախաձեռնում՝ վերականգնելու համար վնասը»,- հարցրեց նա։


Փաշինյանն իր պատասխանում մեջբերեց Հաշվեքննիչ պալատի տված տեղեկանքից մի պարբերություն, որը ներկայացվել էր 2019 թվականի աշնանը։ Նրա խոսքով, աֆրիկյան երկրներում հայաստանյան գրանցում ունեցող բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ։


«Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջների կատարման գրություններ։ Ներկայացվել են նաեւ տեղեկատվություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»,- մեջբերեց վարչապետը։


Վարչապետը ներկայացրեց, որ Եվրոպական համապատասխան հանձնաժողովը արձանագրել է, որ ՀՀ-ի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում եւ սա մեկնաբանությունների տեղիք է տալիս։


«Այս տեղեկանքում ներկայացվում է նաեւ, թե ինչու չի կարողանում վերահսկել։ Որովհետեւ Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ ավիացիայի կոմիտեն, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ՝ այդ պարտավորությունները կատարելու եւ դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ»,- ասաց Փաշինյանը։


Նա նաեւ ընդգծեց, որ 2019 թվականի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է ՀՀ-ի ավիաընկերություններից մեկը եւ դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք է ուղարկել ավիացիայի կոմիտե։ Այնուհետեւ՝ աշխատակիցը, որն ի պաշտոնե պարտավոր էր անմիջապես զեկուցել ավիացիայի կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել եւ ավիացիայի կոմիտեի ղեկավարը այդ տեղեկանքի մասին իմացել է 2 ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ եւ իրեն դրա մասին տեղյակ են պահել իր եվրոպացի կոլեգաները։


«Երբ պարզաբանումների գործընթաց է սկսվել, թե ինչո՞ւ չի զեկուցել, արդյունքում աշխատակիցը ազատվել է աշխատանքից եւ գործնականում մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել էր եւ որտեղ խախտումներ էին ներկայացվել»,- ասաց վարչապետը։ Նա նաեւ հավելեց, որ 2 քրեական գործ կա այս հարցերի շրջանակում, որոնց բովանդակությունը սակայն դժվարացավ հստակեցնել։ Այնուամենայնիվ շեշտեց, որ եղել են պաշտոնանկություններ։


«Այս տեղեկանքում գրված է նաեւ ամենակարեւոր թերությունը․ ամբողջ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաներ տրվում են վճարովի հիմունքներով, ՀՀ-ի Քաղաքացիական ավիացիան իր գործառույթներն իրականացնում է անվճար, քանի որ պետական կառավարման համակարգում ունի այդպիսի կարգավիճակ։ Լուծումներից մեկը, որ տարվա սկզբից քննարկում էինք, այն է, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության կարգավիճակը փոխվի այնպես, որ ինքը ոչ թե շահույթ հետապնդող, այլ՝ ինչ որ առումով, ինքնածածկվող կազմակերպություն լինի, որ ունենա ֆինանսներ»,- եզրափակեց Փաշինյանը։