Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի Արցախի իշխանությունների հետ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ.
«Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը: Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին:
Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար:
Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմափակման:
Վստահ ենք, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը»,- ասված է հայտարարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Արցախի չորրորդ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը: