Կառավարության գերատեսչությունների աշխատանքի ռեժիմն առցանց դարձնելու վերաբերյալ քննարկում եղել է, բայց համատարած որոշում չկա։ Այս մասին մարտի 13-ին կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի շուրջ արտակարգ խորհրդակցությունից հետո հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Եղել է այդպիսի քննարկում։ Այն տեղերում, որտեղ հնարավոր է, կանենք, բայց համատարած որոշում չկա»,- ասաց Արշակյանը։ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Կառավարությունը որոշում է կայացրել, որ մինչև մարտի 23-ը կրթական համակարգը չի աշխատելու: Կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներից: