16.07.2026
Հորմուզի նեղուցը դարձել է Իրանի առանցքային նպատակը ԱՄՆ-ի հետ հակամարտությունում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ այս պատերազմը երկարաձգվի և ինչքան էլ ավերածություններ ու զրկանքներ բերի Իրանին ու նրա ժողովրդին, ի վերջո այդ պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը։ Եվ հենց այդ ժամանակ էլ Փաշինյանին ու նրա վայ-թիմին հաշիվ կներկայացվի ամերիկա-իսրայելա-ադրբեջանա-թուրքական Թուրանական կամ Զանգեզուրի միջանցքի նախագծի՝ TRIPP-ի («Թրամփի ճանապարհի») համար։


Ես արդեն բազմիցս և հանգամանորեն անդրադարձել եմ այս հակամարտության ուժերի հարաբերակցությանը, տնտեսական հետևանքներին և ռազմական հեռանկարներին։ Ուստի այսօր ուշադրություն կհրավիրեմ դրա մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր կողմի վրա։ Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմի նկատմամբ լուրջ դիմադրություն գոյություն ունի ոչ միայն հասարակության և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության շրջանակներում, այլև պետական իշխանության ամենաբարձր մակարդակում։


Թրամփի վարչակազմի «հակապատերազմական» թևի ամենանշանակալի ներկայացուցիչը փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է։ 2026 թվականի հուլիսի 15-ին հայտնի փոդքասթեր Ջո Ռոգանին տված հարցազրույցում Վենսը մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց Իսրայելի, Իրանի և ամերիկյան քաղաքականության վրա արտաքին ազդեցության վերաբերյալ։ Ահա դրանցից մի քանիսը։

«Ես բացարձակապես չեմ կասկածում, որ Իսրայելի կառավարության ներսում եղել են մարդիկ, որոնք փորձել են մեզ շեղել այդ քաղաքականությունից, քանի որ ցանկանում էին շարունակել ռազմական արշավը»։

«Նրանց համակարգի ներսում կան մարդիկ, որոնք մանիպուլացնում են ամերիկյան հասարակական կարծիքը և փորձում են այն փոխել, որպեսզի պատերազմը շարունակվի անվերջ՝ ոչ թե որևէ նպատակի հասնելու համար, այլ պարզապես անվերջ»։

«Նրանք մոլագարի պես հարձակվում են իմ վրա՝ պնդելով, թե մենք չպետք է բանակցենք Իրանի հետ, այլ պարզապես պետք է անվերջ շարունակենք ռազմական արշավը»։


«Երբ բացում եմ Time ամսագիրը և տեսնում եմ, որ բառացիորեն ֆինանսավորվում է օտարերկրյա ազդեցության մի ամբողջ արշավ՝ տապալելու հենց այն համաձայնությունը, որի հասնելու ուղղությամբ ես աշխատում էի... իմ պատասխանը մեկն է. «Գնացե՛ք գրողի ծոցը»։ Ես անելու եմ այն, ինչ անհրաժեշտ է ամերիկացի ժողովրդի համար։ Ես առաջին հերթին ներկայացնում եմ ամերիկացիների շահերը»։


«Ինձ անհանգստացնում է այն, որ ամերիկյան ղեկավարությունը թույլ է տալիս, որպեսզի այդ օտար ազդեցությունն ազդի իր դատողությունների և այն քաղաքականության վրա, որը նա պաշտպանում է»։


«Պետություններն անում են այն, ինչ սովորաբար անում են պետությունները... Բայց ձեր դժգոհությունը պետք է ուղղված լինի ամերիկացի այն ղեկավարների դեմ, որոնք թույլ են տալիս, որ դա ազդի իրենց որոշումների վրա»։


Այս խոսքերի շուրջ արժե լրջորեն խորհել բոլոր նրանց, ովքեր այսօր արհամարհում են Հայաստանի և Իրանի կենսական շահերը։ Ըստ էության, խոսքը ԱՄՆ-ի իշխանության ներսում երկու հակադիր մոտեցումների պայքարի մասին է. մեկը խաղադրույք է կատարում անվերջ ռազմական էսկալացիայի վրա, իսկ մյուսը՝ քաղաքական-դիվանագիտական կարգավորման։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է հասկանալու համար, թե որքան խոցելի և ոչ կայուն է Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը Իրանի նկատմամբ։


Ցավոք, խևերին ու խամաճիկներին խրատ տալը՝ ջուրը ծեծել է։



Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյան