Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՃՈ ծածուկ ծառայության վերաբերյալ, որում ասվում է, որում ասվում է. «Օրեր առաջ հայտարարություն էր տարածվել, որ ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է նաև ծածուկ ծառայություն, ինչը ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։ Հայտարարությունը հասարակության որոշ շրջանակներում և համացանցում անհարկի շահարկումների տեղիք է տվել և առաջացրել որոշակի անհանգստություն։ Պարզաբանում ենք, որ նշված ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ և միտումնավոր խախտող, այսպես ասած՝ դրիֆտեր իրականացնող, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս եկող, երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, նրանց կյանքին ու առողջության համար վտանգավոր խախտումներ կատարող վարորդներին և այլ կոպիտ խախտումներ հայտնաբերելու համար է։ Այսինքն՝ ճանապարհապարեկային ծածուկ ծառայությունն իրականացվելու է կոնկրետ վայրերում կոնկրետ խախտումներ հայտնաբերելու համար, ինչը միտված է անվտանգ երթևեկության ապահովմանը։ Երթևեկության բոլոր մասնակիցներին կրկին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»։