Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն: Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ` 723 նոր դեպք, 6 մահ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել էր, որ առողջացել է 442 մարդ: Նա նշել է, որ առավոտյան աշխատանքի Սևանից է եկել և նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: «Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից: Պետք է հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից և այլ տրամաբանությամբ: »,-ասաց նա: Փաշինյանը շեշտել է, որ մեկ ակնկալիք ունի՝ բոլորով, որպես քաղաքացի, մեր իսկ կամքով կարգ հաստատենք: «Սա նշանակում է, որ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքը կարգ է ստեղծում իր վարքագծով եւ նույնը պահանջում է մյուսներից, այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը դառնա ամոթալի, որ կարգը չկատարողն իրեն զգա իզգոյ, օտարված»,- հավելեց Փաշինյանը: