ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 16-ին գումարեց հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցը՝
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումների հիման վրա հարուցված թիվ 4 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
2026 թ․ հունիսի 24-ին Հանձնաժողով մուտքագրված «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ տնօրեն Լյուդմիլա Շահինյանի երկու դիմումներում նշված է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթների առերևույթ խախտման վերաբերյալ։
Առաջին դիմումի համաձայն՝ «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերության տնօրենը, կրելով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման հայտը կազմելու և Հանձնաժողովին հավաստի տվյալներ ներկայացնելու պարտականություն, կազմել և Հանձնաժողով է ներկայացրել 106.9 ՄՀց հաճախականության օգտագործման մրցույթին մասնակցելու հայտ, որի մեջ ներառել է կեղծ բովանդակություն։
Երկրորդ դիմումի համաձայն՝ դիմումատուն նշել է, որ լիցենզիայի պայմանների համաձայն Հեռարձակողի ծրագրերի մեծ մասը պետք է լինի սեփական արտադրության։ Լիցենզիայի պայմանների համաձայն՝ հայերեն պետք է լինեն ռադիոներկայացումները, հայկական գրականության աուդիոընթերցմամբ հաղորդումները, ինչպես նաև հատուկ ուշադրություն պետք է դարձվի երիտասարդության համար կրթական հաղորդումներին, գիտատեխնիկական նվաճումներին և դրանց ուսումնասիրմանը։
Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում արձանագրել է, որ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստերի և ապացույցների համակցված գնահատմամբ չի հիմնավորվել դիմումատուի պնդումը, որ հեռարձակողի կողմից թույլ են տրվել օրենքի դրույթներով նախատեսված խախտումները։
Հանձնաժողովը որոշեց կարճել «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ նկատմամբ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ դիմումի հիման վրա հարուցված վարույթը:
Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։