Եթե հիշում եք, երբ հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նախաձեռնում են վարչապետի անվստահության գործընթաց, ես այստեղ կարճ տեսակետ արտահայտեցի, որ նրանք սկսում են եւ դե ֆակտո փակում այդ թեման:
Թեման, իհարկե, շրջանառվում է մամուլում, տեղեկատվական տիրույթում, ու դեռ կշրջանառվի, քանի որ այն ունի տակտիկական պահանջարկ նաեւ ընդդիմության ներսում:
Բայց, գործնական իմաստով Աղազարյանն ու Ասլանյանը փակել են թեման: Թեման գործնական առումով կարող է ակտիվանալ կամ փողոցում՝ ժողովրդական ճնշման տարբերակով, կամ հենց իշխանության գրասենյակներում:
Հովիկ Աղազարյանն ասում է, որ, եթե Հայաստան կամ Պատիվ ունեմ խմբակցությունները առաջադրեն վարչապետի թեկնածու եւ սկսեն գործընթաց, ինքը չի միանա նրանց, քանի որ նրանց հետ չգործակցելն իր համար սկզբունքային է:
Ներեցեք, բայց սա հակատրամաբանական պատկեր է: Աղազարյանը փաստորեն դեմ չէ, որ նրանք միանան իր նախաձեռությանը, բայց իր միանալու առումով համարում է, որ նրանց հետ չգործակցելը սկզբունքային է: Ստացվում է, որ այդ մարդու կարծիքով, եթե ընդդիմադիրներն են իր նախաձեռնությանը միանում՝ դա գործակցություն չէ, հետեւաբար չկա սկզբունքի խախտում, իսկ, եթե ինքն է միանալու ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկին, դա գործակցություն է եւ չգործակցելու իր սկզբունքի խախտում:
Համաձայնեք, գործակցության սկզբունքի նույնիսկ զավեշտալի «դիտանկյուն» է: Իհարկե, Հայաստանի ներքաղաքական դաշտում զավեշտով չես զարմացնի ոչ մեկին:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան