Երևանում մայիսի 26-ին մեկնարկած «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շչետինայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով հյուրին Երևանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ համաժողովն արդյունավետ հարթակ է քննարկելու առկա մարտահրավերներին դիմակայելուն վերաբերող բազմաթիվ հարցեր: Նա կարևորել է հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերն ակտիվացնելու առաջնահերթությունը: Գժեգոժ Շչետինան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու հարցում: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լեհական միջխորհրդարանական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացին: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության ու երկարատև խաղաղության հաստատման հարցերին: