ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց է չինական ներդրումների համար»,- նշել է նախարարը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների, էլեկտրաշարժիչների և լիցքավորման ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։