Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Լին Թրեյսին: Ինչ վերաբերում է անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին, Թրեյսին նշել է․ «Թերևս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»: Դեսպանը ընդգծել է, որ խնդիրների լուծումն անչափ կարևոր է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում և նրանց անվտանգությունն ու ապահովություն է վտանգվում: