2023 թվականին հայ գիտնականները հեղինակել են ռեկորդային թվով գիտական աշխատություններ հեղինակավոր միջազգային պարբերականներում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով, հայ հետազոտողների գիտական հրապարակումների քանակը տարեցտարի կայուն աճ է գրանցում։ «2023 թվականին գրանցված ցուցանիշը դարձել է պատմական առավելագույնը երկրի համար», - նշել է Անդրեասյանը։ Նախարարը ընդգծել է, որ գիտական հրապարակումների թվի շարունակական աճը վկայում է գիտության ոլորտում իրականացվող համալիր քաղաքականության արդյունավետության մասին։