ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դավիթ Համբարյանը. Ո՞վ է նա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Ո՞վ է նա։ Համբարյանն ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթության և մասնավոր հատվածում կառավարման փորձ։
Նրա աշխատանքային ուղին սկսվել է դեռ 2002 թվականին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։ Այնուհետև՝ 2004-2007 թվականներին, աշխատել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։
2005-2011 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
2008-2009 թվականներին զբաղեցրել է «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայության պետի պաշտոնը, իսկ 2009-2016 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերությունում՝ սկզբում որպես խորհրդատու, ապա՝ գովազդի, մարքեթինգի ռազմավարության և պլանավորման թիմի ղեկավար։
2015-2016 թվականներին ղեկավարել է «Օրանժ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի միավորման գործընթացը, իսկ 2016-2017 թվականներին ղեկավարել է «Յուքոմ»-ի մարքեթինգային և հաղորդակցության գործընթացները։
2017-2020 թվականներին եղել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ընտրության գծով տնօրեն։
Պետական կառավարման համակարգ է վերադարձել 2020 թվականին՝ նշանակվելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ գլխավոր քարտուղար։
2022 թվականին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ից զբաղեցնում է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը»։