«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ՄԻՊ թեկնածու է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Խմբակցությունը կայացրել է այդ որոշումը քիչ առաջ ավարտված նիստում: Այդ մասին ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հայտնում է «Արմենպրես»-ը: Ըստ Կոնջորյանի՝ խմբակցությունը շատ լրջորեն է մոտեցել այդ հարցին և դիտարկել է տարբեր թեկնածուների։ «Փորձել ենք գտնել լավագույն թեկնածուին և համարում ենք, որ տիկին Մանասյանն իր մասնագիտական կարողություններով, անցած ճանապարհով և սկզբունքներով այն թեկնածուն է, որ կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,-նշեց նա։ Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանին։