Շարունակենք հայ մնալ՝ երգով, հավատքով, բարությամբ. Ադամ Բարրո
Ադամ Բարրոն՝ Գյումրիում ծնված ու ճակատագրի բերումով Փարիզում ապրող երգիչը, իր ձայնով ու կերպարով ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու հոգին աշխարհի բեմերում։ Ծննդյան անունը՝ Մուրադ Ամիրխանյան, բայց օտարների համար անսովոր հնչող անուն-ազգանունը փոխվեց, որպեսզի արտասահմանյան հանդիսատեսը չխեղաթյուրի այն, դառնալով Ադամ Բարրո։ Ձայնային դիապոզոնը՝ բասի ամենացածր նոտաներից մինչև բարիտոնի ամենաբարձրը, նրան դարձրել է միջազգային օպերային արվեստի հեռանկարային անուններից մեկը։ Ադամ Բարրոն հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի բազում քաղաքներում։ Նա միաժամանակ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով և թողարկել է մի քանի ձայնասկավառակ՝ նվիրված հոգևոր և դասական երգարվեստի գոհարներին։ Երգել է Վերդիի, Սեն-Սանսի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի գործերը եվրոպական բեմերում, բայց երբ ձայնը հնչում է Հայաստանում, նրա խոսքն ու երգը ստանում են այլ իմաստ։ Այս անգամ երգչի այցը Հայաստան դարձավ իսկական մշակութային իրադարձություն․ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Ադամ Բարրոն ու 14 տաղանդավոր արվեստագետ-ընկերները միավորվեցին մեկ գաղափարի շուրջ՝ բացառիկ վոկալ երաժշտության երեկոյի, նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Սեպտեմբերի 5-ի երեկոն հայ հանդիսատեսի համար դարձավ պատմական օր՝ վայելելու գյումրեցի մեծ գրողի անմահ խոսքերով և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով հյուսված վոկալ գլուխգործոցները։ «Ես ապրում եմ Փարիզում, բայց ամեն վայրկյան հոգով հայրենիքում եմ։ Իսահակյանը գյումրեցի էր, ինչպես ես։ Նա ապրել է Փարիզում, ես նույնպես։ Պատահականություններ չկան»,– ասում է նա։Եվ ահա, օրեր անց, կրկին անակնկալ երգչից՝ միանգամից երկու տեսահոլովակների պրեմիերա՝ «Կենաց երգ» (խոսք՝ Աշոտ Գրաշու, երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի) և «Հայաստան» (խոսք՝ Հովհաննես Միրզա-Վանանդեցու, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի):«Հայաստանը դրախտավայր է։ Արարատ լեռը, բիբլիական Նոյը, խաղողի ողկույզները՝ որպես պտղաբերության և քրիստոնեական հավատքի խորհրդանիշ։ Խաչը, հավատքը, lԱրարատը՝ սա է իմ Հայաստանը։ Դա է եղել իմ գերխնդիրը «Հայաստան» տեսահոլովակում, - ասում է Ադամ Բարրոն ու հավելում․ «Ցանկացա բարձր ակադեմիական ձևով ներկայացնել մոռացված մշակութային արժեքը՝ պահպանելով և վերակենդանացնելով այն։ «Կենաց երգը» վերածվում է հայրենիքի գովերգի՝ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը պետք է մշտապես հպարտանա իր մշակույթով, գինով, արվեստով և ավանդույթներով»։Կոմիտասի մշակումով «Հայաստան» երգը, որը նկարահանվել է Խոր Վիրապում ու Նորավանքում, արտիստի համար ոչ միայն երաժշտական ստեղծագործություն է, այլև ոգեղեն պատգամ ինչպես հայերին, այնպես էլ աշխարհին։ «Իրեն Շաբոյանը և ես երգը թարգմանել ենք ֆրանսերեն, որպեսզի այն ներկայացվի նաև Ֆրանսիայում, ինչպես նաև աշխարհասփյուռ ֆրանկոֆոն երկրներում։ Սա պարզապես երաժշտական կատարում չէ, այլ ուղերձ է աշխարհին՝ Հայաստանի հավատքի, մշակույթի ու ինքնության մասին»։ Ադամ Բարրոյի խոսքով, երկու տեսահոլովակներն էլ տարբեր առաքելություն ունեն․ «Հայաստան» երգը ցույց է տալիս հայրենիքի աստվածատուր շնորհները, իսկ Խաչատրյանի ստեղծագործության նոր մեկնաբանությունը՝ հայ մշակույթի շարունակականությունն ու հավերժությունը։ Սակայն երկուսի հիմքում էլ նույն գաղափարն է՝ հայի ինքնության պահպանումն ու սերունդներին փոխանցելը։Երկրաշարժից հետո, կորցնելով ծնողներին և որդեգրելով Ֆրանսիա որպես երկրորդ հայրենիք, նա հասկացել է, որ բարությունը ռազմավարություն չէ, այլ ապրելակերպ։ Բայց որքան էլ նրա կյանքը ձևավորվել է Փարիզում, երգիչը կրկին ու կրկին վերադառնում է դեպի իր արմատները։ «Մենք չպետք է նստենք ձեռքներս ծալած։ Մեր պարտքն է երգով և արվեստով հիշեցնել՝ ով ենք մենք։ Պետք է շարունակենք հայ մնալ՝ երգով, հավատքով, բարությամբ»։Բարրոն վստահ է․ հայ արտիստը չպետք է սպասի փառքի կամ արտաքին գնահատանքի։ Նրա պարտքն է անդադար բարձրաձայնել հայրենիքի անունը, գովերգել իր ժողովրդին և երգով պահպանել այն, ինչը հայ է դարձնում մեզ։