Մասյացոտնի թեմի հոգևորականները մերժել են դատարանի որոշումը նախկին առաջնորդի վերաբերյալ
Լուսանկարը` www.qahana.am
Մասյացոտնի թեմի քահանաները հրաժարվել են ենթարկվել դատարանի որոշմանը, որը պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ արված նախկին եպիսկոպոսին։ Եկեղեցականներն այն որակել են որպես աշխարհիկ իշխանության կոպիտ միջամտություն եկեղեցու ներքին գործերին:
Մասյացոտնի թեմի պաշտոնական էջում հրապարակվել է թեմի տասնինը հոգևորականների համատեղ հայտարարությունը, որում նրանք իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունն են հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ ակտի վերաբերյալ։ Այդ որոշմամբ փորձ է արվում հոգևոր դասին պարտադրել որպես հոգևոր առաջնորդ ճանաչել նախկին Գևորգ եպիսկոպոսին, ով, համաձայն եկեղեցական կանոնակարգի, պաշտոնապես կարգալույծ է հռչակվել և այժմ հանդիսանում է աշխարհական՝ Արման Սարոյան անունով։
Ուղերձում շեշտվում է, որ նման դատական պահանջն արմատապես հակասում է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական կյանքին և հոգևորականի կոչմանը։ Կարգալույծ եղած անձը զրկվում է թեմ ղեկավարելու և հոգևոր իշխանություն իրականացնելու բոլոր իրավունքներից, և որևէ աշխարհիկ որոշում չի կարող փոխել այդ իրողությունը։ Քահանաները հայտնում են, որ իրենց աշխարհականի ենթակայության տակ դնելու պարտադրանքը ոտնահարում է իրենց խղճի ազատությունը, դավանանքն ու հոգևոր երդումը, ինչը հավասարազոր է սրբապղծության։
Հոգևորականները նաև հիշեցրել են, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաները երաշխավորում են եկեղեցու ինքնակառավարման իրավունքը՝ բացառելով պետության միջամտությունը հոգևոր պաշտոնների նշանակման կամ ազատման հարցերում։ Ամփոփելով իրենց դիրքորոշումը՝ նրանք արձանագրել են, որ դատարանի պահանջի կատարումն օբյեկտիվորեն անհնարին է: Եկեղեցականներն ընդգծել են, որ անկախ իրենց նկատմամբ գործադրվող ճնշումներից՝ չեն ենթարկվելու որևէ հակականոնական թելադրանքի, որն իրենց և հավատացյալներին կմղի մեղսակցության:
Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները նկատելիորեն սրվել են 2020 թվականի պատերազմից հետո, երբ բարձրագույն հոգևորականությունը հրապարակայնորեն կոչ արեց վարչապետին հրաժարական տալ։ Աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները քննադատում են եկեղեցու ղեկավարությանը քաղաքական գործընթացներին մասնակցելու համար, մինչդեռ եկեղեցին բարձրաձայնում է պետության կողմից նպատակաուղղված ճնշումների և իր ներքին ու կանոնական գործերին միջամտելու մասին:
Այս էսկալացիայի հերթական փուլ դարձավ 2025 թվականի վերջին հարուցված քրեական գործերի շարքը, որոնց շրջանակներում կալանավորվեցին մի քանի բարձրաստիճան հոգևորականներ (այդ թվում՝ Մայր Աթոռի դիվանապետն ու Արագածոտնի թեմի առաջնորդը). հոգևոր դասն այս քայլերը որակեց որպես քաղաքական բռնաճնշումներ, մինչդեռ իրավապահ մարմինները պնդում են, որ ձերբակալությունները կրում են բացառապես քրեաիրավական բնույթ։