Հայաստանի հետ սահմանը բաց է, փախստականների հոսք չկա. Իրանի դեսպան
Լուսանկարը` 168.am
Տեխնիկական խափանման պատճառով մեկօրյա դադարից հետո հայ-իրանական սահմանը վերսկսել է բնականոն աշխատանքը։ Հայաստանում Իրանի դեսպանը հերքել է փախստականների ներհոսքի մասին լուրերը՝ շեշտելով երկու ուղղություններով ուղևորահոսքի բացարձակ կայունությունը։
Մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց անցակետերում իրավիճակի կարգավորման մասին։ Նրա խոսքով՝ սահմանային համապատասխան էլեկտրոնային համակարգերում առաջացած խնդիրների պատճառով երկու սահման փակվել էր 24 ժամով, որոնցից մեկը հայ-իրանականն էր:
Այսօր առավոտյան ժամը 09:30-ին տեխնիկական խնդիրն ամբողջությամբ լուծվել է, և այժմ տրանսպորտային միջոցների ու քաղաքացիների երկկողմ երթևեկությունն իրականացվում է անխափան:
Տեղում իրավիճակին անձամբ հետևել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը: Դիվանագետը դիտարկել է անցակետը՝ գնահատելու մեկօրյա պարապուրդի հետևանքները և բացառելու մեծ կուտակումների հավանականությունը։
Ըստ հյուպատոսության տվյալների՝ մարդկային որևէ կուտակում չի արձանագրվել. սահմանին սպասել է ընդամենը 30-40 քաղաքացի, որոնք ունեցել են միջազգային չվերթների տոմսեր և պետք է մեկնեին Երևանի օդանավակայանից:
Շիրղոլամին նկարագրել է նաև ուղևորահոսքի հակառակ լոգիստիկան. որոշ իրանցի քաղաքացիներ այժմ նախընտրում են տուն վերադառնալ օդային ճանապարհով՝ տարանցիկ օգտագործելով Հայաստանը: Նախորդ օրը դեսպանությունը կազմակերպել է ավիաչվերթով Երևան ժամանած 20 քաղաքացու ցամաքային տեղափոխումը դեպի Թեհրան:
Սպասվում է, որ այսօր երեկոյան նույն երթուղով կուղևորվի ևս 15 մարդ: Ամփոփելով խոսքը՝ դեսպանը կտրականապես հերքել է բնակչության զանգվածային արտագաղթի մասին ենթադրությունները՝ ընդգծելով, որ սահմանին մարդկանց անբնական հոսք կամ փախստականներ չկան, ինչպես չեն եղել նաև 12-օրյա պատերազմի ժամանակ:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում աննախադեպ էսկալացիան սկսվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ ռազմական հարձակմամբ, որի հենց առաջին օրը զոհվել է Ալի Խամենեին։ Հակամարտությունը սրընթաց կերպով ընդգրկում է տարածաշրջանի այլ երկրներ. Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, մինչդեռ Իսրայելը թիրախավորում է նաև Լիբանանը։