29.04.2026
Հայաստանի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջը կվերանա
04.09.2024
Հայաստանի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջը կվերանա

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել Հայաստանի եւ Թունիսի` դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը: Յուրաքանչյուր պետության վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները կազատվեն մյուս պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից` տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար: Հայաստանի եւ Թունիսի հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ: Փաստաթուղթը կարեւոր նշանակություն կունենա նաեւ ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման տեսանկյունից, որը Թունիսի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման եւ խորացման, փոխայցերի աշխուժացման հնարավորություն կտա: Այս մասին խոսել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամբ էլ համաձայնագրի վավերացումը եւս մեկ դրական քայլ է բարեկամ երկրի հետ հարաբերություններն ավելի ընդլայնելու, փոխադարձ այցերի համար հեշտ պայմաններ ստեղծելու առումով: Նա առաջարկել է գործընկերներին դրական արձագանքել օրենքի նախագծին: Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: