17.07.2025
Խնդիր է պաշտպանել ազնիվ բիզնեսը. Աննա Վարդանյանը` Շվեդիայի դեսպանին
02.02.2024
Խնդիր է պաշտպանել ազնիվ բիզնեսը. Աննա Վարդանյանը` Շվեդիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և կարևորել նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները, որոնք նպաստում են երկու երկրների դատախազությունների համագործակցության ամրապնդմանն ու կարևոր հարցերի լուծմանը: Գլխավոր դատախազը դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթ ուղղությունները՝ առանձնացնելով ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարը, պետական շահերի պաշտպանությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման «երիտասարդ» ինստիտուտի կատարելագործումը, հանքարդյունաբերության ոլորտում չարաշահումների դեմ պայքարը և այլն: Դեսպանը Շվեդիայի Թագավորության աջակցությունն է հայտնել Գլխավոր դատախազության՝ վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և հետաքրքրվել ազդարարման համակարգի նկատմամբ քաղաքացիների և բիզնեսի վստահությունը բարձրացնելուն ուղղված գործողություններով՝ հավելելով, որ շվեդական կապիտալով ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով: Աննա Վարդապետյանը, հարթակի գործունեության վերաբերյալ տեղեկություն տրամադրելով դեսպանին, ընդգծել է, որ ազնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և տեխնիկական աջակցության ոլորտում համագործակցության հեռանկարներին: