Արվեստի և սպորտի համադրություն․ տեղի ունեցավ «Ախթամար.Սիրո լեգենդը» ներկայացումը
Փետրվարի 19-ին և 20-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի ունեցավ «Ախթամար. Սիրո լեգենդը» սառցե ներկայացումը։
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Ախթամար» բալլադը ցուցադրվեց գեղասահքի միջոցով, ինչը սյուժեին յուրահատուկ ու հեքիաթային մթնոլորտ էր հաղորդում։
Հայ և ռուս մարզիկների գեղասահքը, նաև օդում ակրոբատ հնարքները հիասքանչ էին։ Նրանց շարժումները համադրվում էին հայտնի կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկիի՝ հատուկ սառցե շոուի համար գրված՝ հոգուն դիպչող երաժշտության հետ։
Լույսերն ու կրակե էֆեկտներն ընդգծում էին յուրաքանչյուր պահի զգացմունքայնությունը, լեգենդի խորհրդավորությունը։
Այդ էֆեկտների ու գեղասահքի նրբաճաշակ համադրության շնորհիվ հանդիսատեսը կարծես տեղափոխվեց հայկական ամենահայտնի ավանդություններից մեկի՝ «Ախթամար»-ի կախարդական աշխարհ։
Լույսերը, մարզիկների սահքը և երաժշտությունն ավելի էին ընդգծում լեգենդի խորհրդավոր ու հուզիչ մթնոլորտը՝ ստիպելով զգալ Թամարի ու լողորդ տղայի դժբախտ սիրո պատմությունը։
Դահլիճը լեցուն էր, ինչը վկայում էր ներկայացման հանդեպ մեծ հետաքրքրության մասին։ Միակ թերությունը ձայնի խնդիրն էր․ բալլադի պատմությունը երբեմն լավ լսելի չէին, ինչը մի փոքր դժվարացնում էր սյուժեի ընկալումը։
Ընդհանուր առմամբ, սառցե շոուն մեծ տպավորություն թողեց՝ հաշվի առնելով նաև ավարտին երկար հնչած ծափերը, հանդիսատեսի գնահատանքը։ Սառցե շոուն, որի ստեղծմանը շուրջ 200 մասնագետից բաղկացածմիջազգային թիմ է աշխատել, գեղեցիկ համադրություն էր հայկական գրականության, արվեստի և սպորտի միջև։