12.05.2025
Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Վահրամ  Բալայան
20.02.2024
Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Վահրամ Բալայան

Երբ նայում ենք մեր ժողովրդի պատմությանը, կարելի է ասել, որ դա հաղթանակների ու պարտությունների մի շղթա է. ցավոք սրտի, արցախյան ազգային ազատագրական պայքարը եւս այդպիսի ընթացք ունեցավ: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, գրում է news.am-ը: «Բազմաթիվ գործոնների ազդեցության տակ մենք չկարողացանք մեր ունեցածը պահել, պաշտպանել: Ընդհանուր առմամբ, պատմությունը ոչ միայն դաս է, այլեւ պատիժ բոլոր նրանց համար, որոնք պատմության դասերը հաշվի չեն առնում: Ցավոք սրտի, մենք մեր անցած դասերը հաշվի չառանք, չկարողացանք պահպանել մեր պետականությունը: Արցախի, մեր պատմության էջը դեռ փակված չէ, ամեն սերունդ իր ներդրումը պետք է ունենա երկրի, պետականության պահպանման համար։ Ճիշտ է՝ այսօր մենք հուսախաբված, կոտրված վիճակում ենք, բայց պետք է եղած հնարավորություններն օգտագործել և հզորացնել Հայաստանը, այդ ամենի համատեքստում էլ փորձել հետագա մեր պյքարը շարունակել, մեր պատմական հայրենիքի մի հատվածը ազատագրել»,-ասաց նա: Ըստ Արցախի ԱԺ փոխնախագահի՝ Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. «Մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա։ Այստեղ կարևոր է նկատենք, որ մենք որևէ երկրի, ժողովուրդների տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել: Մենք խորհրդային ժամանակաշրջանում ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, և այն որոշակի կարգավիճակ է ունցել Խորհրդային Միության կազմում, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է ունեցել: Ավելին ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ունեցել է նաև Սահմանադրություն, որտեղ գրված է, որ պաշտոնական, պետական լեզուն հայերենն է: Իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չկա, այսօր խոսել, որ պետք է Ադրբեջանի տարածքում լինի ինքնորոշում, այդպիսի բան չկա, դա անընդունելի է»,- նշեց Բալայանը։ Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել: Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը: