22.07.2026
Բալասանյան. Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն իշխանության առաջարկները
23.07.2016
Բալասանյան. Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն իշխանության առաջարկները

«Ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ոչ մի կաթիլ արյուն չթափվի, թիվ մեկ խնդիրը դա է»: Այս մասին Շանթ հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը` ներկայացնելով «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցությունները: Նա նշել է, որ այն կարծիքին է, որ իշխանությունների առաջարկները կոմպետենտ են, սակայն խմբի տղաները դեռևս դրանք քննարկում են և այլ բաներ են առաջարկում: Մասնավորապես, առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում, սակայն ամենակարևորը հարցը Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումն է, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին և գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում: «Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին: Ճիշտն ասած ես այդ «քաղբանտարկյալ» բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել Բալասանյանը` ավելացնելով,որ «քաղբանտարկյալ» ներկայացվող մարդկանց հարցը ևս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել: «Ես գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ է և պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն այդ առաջարկները և կգնան մեկը մյուսին ընդառաջ»,- ասաց նա: Բացի այս, Բալասանյանն ասել է, որ պատանդ պահվող շարքային երկու ոստիկաններն ազատ են արձակվել, իսկ մամուլի կետի բացումից հետո, որը կտեղակայվի չեզոք գոտում, ազատ կարձակվեն նաև երկու բարձրաստիճան ոստիկանները: Նա նաև պատմել է, որ ինքն անձամբ է Պավլիկ Մանուկյանին հեռախոս տրամադրել: «Երեկ առավոտյան մենք մեզ հետ տարել են բժշկական խումբ և պատանդներին այնտեղ բուժզննում են կատարել: Այնտեղ երկու վիրավոր կա. մեկը ազդրոսկրից է վիրավորված Սմբատն է, մյուսը Մխիթար Ավետիսյանն է: Բժշկական առումով պատանդների վիճակը նորմալ է, բայց խորը բուժզննում պետք է կատարվի»,-ասել է նա: «Սասնա ծռեր» խմբի տղաներին ևս առաջարկվել է, որ բոլորն անցնեն բուժզննում, բայց մեծամասնությունը, ըստ Բալասանյանի, հրաժարվել է, թեև ոմանք օգտվել են այդ առաջարկից: Վիտալի Բալասանյանը հավելել է, որ ներկայումս ամեն ինչ հանգիստ է: «Տղաները համոզվել են, որ պրովոկացիաները հրահրում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ հավաքից: Անկախ ամեն ինչից՝ ապստամբել են, չեն ապստամբել, իշխանությունները ճիշտ են արել, թե սխալ, առ այսօր գտնում եմ, որ պետք է ձեռնպահ մնանք ցանկացած գործողութունից, մանավանդ զինված ընդհարումներից: Սա է իմ կոչը և՛ հանրապետության ղեկավարներին, և՛ քաղաքացիներին, և՛ զինված խմբին»: