«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.“Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից՝ խորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Հոգևոր Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Կառավարությանը, Իրանի ամբողջ ժողովրդին, այդ թվում՝ բոլոր զոհերի հարազատներին՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահվան առթիվ։ Հայ ժողովուրդը միշտ բարեկամ Իրանի ժողովրդի կողքին է։Աստված բոլորիս պահապան բոլորիս”։Նշենք, որ Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է եկել Իրանի հետ ՀՀ հարաբերությունների զարգացման և խորացման օգտին՝ դաշնակցության ձևաչափով: Մասնավորապես, Ասրյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Հայաստանի համար ազնիվ ու հավատարիմ ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ է։ «Երբ հայատյաց Ադրբեջանի իշխանությունը գրեթե ամեն օր հայտարարում է Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ ադրբեջանական տարածք լինելու և այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու, իսկ թշնամի Թուրքիայի իշխանությունն անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքով» թուրքական աշխարհ կառուցելու մասին, Հայաստանի և Հայ ազգի անվտանգության ապահովումը դարձել է օրախնդիր-պահանջ:Շրջապատված լինելով Ադրբեջան և Թուրքիա թշնամի պետություններով, զրկված լինելով զարգացման համար անհրաժեշտ բավարար նյութատնտեսական ռեսուրսներից՝ Հայաստանն ու հայ ազգն իրենց անվտանգության ապահովման հարցում պետք է ապավինեն Հայաստանի ու հայ ազգի բնական ու ռազմավարական դաշնակից պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությանը: Ուստի՝ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու հայ ազգի անվտանգությունը պաշտպանելու համար, ժա՛մ առաջ պետք է Ռազմաքաղաքական Նոր Դաշինք կնքի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Ռուսաստանն ու Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական բնական դաշնակիցներ, իսկական բարեկամներ»: