Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնք։ Այցը մեկնարկել է Ճամբարակի ավագ դպրոցի սաների հետ հանդիպումով։
Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործառույթներն ու իր առաքելությունը, խոսել երեխաների ու երիտասարդների իրավունքների վերաբերյալ, պատմել սեփական մասնագիտական ուղու մասին։
«Կարևոր է, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի լինի, առանցքային է, որպեսզի երիտասարդները ունենան ազատ արտահայտվելու և սեփական ձայնը հնչեցնելու հնարավորություն, բարձրաձայնեն իրենց միջավայրին առնչվող խնդիրները», - նշել է Անահիտ Մանասյանը։
Հանդիպման ընթացքում աշակերտները հարցեր են ուղղել Պաշտպանին և ներկայացրել իրենց մտահոգությունները համայնքային տարբեր խնդիրների, մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցերի մասին։ Բարձրացվել են խնդիրներ, որոնք առնչվում են երիտասարդական կենտրոնների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ստեղծման կարևորությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովմանը, համայնքային ծառայությունների զարգացման անհրաժեշտությանը, մասնավորապես` անձնագրային ծառայությունների, մշտական հիմունքներով համայնքում նոտարի հասանելիության, հանրային տրանսպորտի առկայության անհրաժեշտությանը, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերի և այլն։
Քննարկումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել նաև երեխաների իրավունքներին առնչվող հարցերին։
Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրի պատասխանատվությունը և համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ սեփական միջավայրում դրական փոփոխություններ իրականացնելու և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները միասնական ուժերով հասցեավորելու և հաղթահարելու համար։
Պաշտպանը շրջայց է իրականացրել նաև դպրոցի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին և աշխատանքային պայմաններին: Այց է իրականացվել նաև համայնքում նոր կառուցվող դպրոցի շինհրապարակ. Անահիտ Մանասյանը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ գործող դպրոցի շենքային պայմանները բավարար չեն և ունեն լուրջ զարգացման անհրաժեշտություն: Պաշտպանը կարևորում է նոր դպրոցի կառուցման նախաձեռնումը` առանցքային համարելով կառուցման աշխատանքների շուտափույթ ավարտի երաշխավորումը:
Մարզային այցի շրջանակում առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև Ճամբարակի բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Մարդիկ մտահոգություններ են հայտնել համայնքային մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, մի շարք հանրային ծառայությունների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ: Առանձին անդրադարձ է կատարվել այս տարի Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով իրենց բնակարաններից զրկված անձանց բնակարանային ապահովման հարցին:
Պաշտպանը վստահեցրել է, որ խնդիրները կբարձրաձայնվեն, և ըստ ոլորտների կհասցեավորվեն պետական իրավասու մարմիններին:
Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս, հրամանատարական կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին։ Քննարկվել է զինծառայողների իրավունքներին վերաբերելի առաջնային հարցերի լայն շրջանակ:
Մարզային այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու պետական իրավասու մարմիններին: