ՌԴ-ի օդուժի գործողությունները Սիրիայում արժեցել են 33 միլիարդ ռուբլի, սակայն այդ գումարները ՊՆ-ի բյուջեում նախատեսված էին զորավարժությունների և մարտական պատրաստության համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը: Նա նշել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները որոշակի ծախսեր են պահանջել, սակայն նրանց հիմնական մասը ՊՆ-ի ռեսուրսներ են. մոտավորապես 33 միլիարդ ռուբլին 2015թ.-ի բյուջեով նախատեսված էր տարբեր զորավարժությունների մարտական պատրաստության համար: Պուտինի խոսքով, շատ ավելի արդյունավետ է իրական մարտական գործողությունների ընթացքում կատարելագործել ռազմական հմտությունները: ՌԴ նախագահը նշել է, որ Սիրիայում գործողություններից հետո լրացուցիչ գումարներ են պահանջվելու տեխնիկայի և զինանոցների պահեստների լրացման համար, սակայն դրանք արդարացված ծախսեր են: Պուտինի խոսքով, այս ծախսերն անհրաժեշտ են երկրի մարտունակության ամրապնդման և ՌԴ-ի անվտանգության ապահովման համար: Հիշեցնենք, ՌԴ նախագահը մարտի 14-ին հրաման էր արձակել Սիրիայից ռուսական ռազմական ուժերի դուրս բերման վերաբերյալ: