24.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀ կառավարությունն ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա»
08.04.2016
Մամուլի տեսություն. ՀՀ կառավարությունն ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն: «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել հանրապետության երկրորդ քաղաքում։ Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Գյումրիում ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան և գիշերային ժամերին կարելի է տեսնել ռուսական զինվորական մեքենաներ՝ ռուս զինվորականներով, որոնք պարեկապահակային ծառայություն են իրականացնում քաղաքում։ Բացի այդ, արդեն երկրորդ օրն է, ինչ Գյումրիում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, առանց պատշաճ իրազեկման, դադարեցրել է գազամատակարարումը, իսկ երեկ առավոտից էլ «Բիլայն» օպերատորի շարժական Ինտերնետի բաժանորդներն էին զրկված Ինտերնետ ծառայությունից. Երևանի կենտրոնական սպասարկման ծառայությունը ոչ մի նորմալ բացատրություն չի ներկայացնում, իսկ Գյումրու գրասենյակում էլ միայն նշում են, որ կա տեխնիկական խնդիր։ Ու սա դեռ ամենը չէ։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե ռուսական զորամասերում ծառայող ազգությամբ հայ զինվորականներն իրենց ընտանիքներին սուսուփուս տարհանում են Հայաստանից և տեղափոխում Հարավային Ռուսաստան»,–գրում է թերթը։ «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտը վերականգնում է բնականոն աշխատանքը։ Շաբաթ օրը տեղի կունենա Ընտրական օրենսգրքի նախագծի 4+4+4 ձեւաչափի հերթական քննարկումը։ Սահմանային լարվածությունը ընդդիմադիր եւ իշխանական ուժերի միջեւ անցած օրերին համերաշխություն էր մտցրել, որոշվել էր զերծ մնալ ներքաղաքական դեբատներից ու իշխանություններին քննադատելուց, ժամանակավորապես դադարեցվել էին նաեւ այդ ձեւաչափով քննարկումները։ Հաշվի առնելով խորհրդարանական աշխատանքի ծանրաբեռնվածությունը՝ որոշվել է 4+4+4 ֆորմատի նիստն անցկացնել շաբաթ օրը»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ապրիլի մեկի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 621 միլիոն 900 հազար դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով: Իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ միջազգային պահուստները նվազել են 150 մլն դոլարով: Դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պահուստները եղել են 1 միլիարդ 771 միլիոն 200 հազար դոլար: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ աճել է Հայաստանի պետական պարտքը: Այս տարվա մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 5 միլիարդ 196 միլիոն 100 հազար դոլարի: Այս տարվա անցած երեք ամիսների ընթացքում պետական պարտքը աճել է մոտ 120 մլն դոլարով: Ի դեպ, առավել արագ աճում է Հայաստանի արտաքին պարտքը: Մարտի 31-ի դրությամբ այն հասել է 3 միլիարդ 917 միլիոն 900 հազար դոլարի՝ երեք ամսում աճելով մոտ 80 մլն դոլարով»: «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Վաղուց էր հայտնի, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցի ժամանակ կհայտարարվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի նոր գնի մասին: Հայտարարվեց: Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց. «Գազի գինը ստորագրեցինք 150 դոլար, 165 դոլարի փոխարեն»: Այսպիսով, Հայաստանը ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց այսուհետ վճարելու է 15 դոլարով կամ 9 տոկոսով պակաս գումար: Արդարացա՞ն արդյոք մեր սպասելիքները, կշահե՞ն արդյոք մեր բնակչությունն ու տնտեսությունը: Գազի գնի այս նվազեցումը մի քանի ուշագրավ դետալներ է պարունակում: Ռուսական գազն էժանացնելու մասին բանակցությունները սկսվել են դեռ անցած տարվա աշնանը: ՀՀ կառավարությունը հույս ուներ, որ գազը կէժանանա այս տարվա հունվարի 1-ից, սակայն ռուսական կողմն անընդհատ հետաձգում էր իր վերջնական որոշումը: Սա ուշագրավ է նրանով, որ եղանակի տաքանալուն զուգընթաց գազի սպառումը Հայաստանում կտրուկ ընկնում է մի քանի անգամ: Իսկ սա նշանակում է, որ ոչ բնակչությունը, եւ ոչ էլ տնտեսությունը այս էժանացումը չեն զգալու մինչեւ հաջորդ ձմեռ: Բացի այդ, մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարությունն ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա»: