Մամուլի տեսություն. բացահայտվել են Միհրան Պողոսյանի հրաժարականի իրական պատճառները
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրվա ընտրությունները որոշ համայնքներում թեժ են եղել։ Արմավիրի մարզի Փշատավանում կողմերն անգամ ձեռնամարտի են բռնվել, քաշքշել ու կոտրել լրագրողների տեսախցիկները, ժամանել են ոստիկաններ։ Փշատավանը 33 համայնքներից այն 5-ի թվում է, որտեղ չեն վերընտրվել գործող համայնքապետերը։ Հաղթել է դարձյալ ՀՀԿ-ական Ազատ Քյարամյանը` ստանալով 752 ձայն, համայնքի արդեն նախկին ղեկավար, 8 տարի Փշատավանը ղեկավարած Ռաֆիկ Ստեփանյանն ստացել է 440 ձայն, նա մեր լրագրողին իր պարտության մասին ասել է. «Ժողովուրդը խաբեց, ասին՝ կընտրենք, չընտրին»։ Նա ասել է, որ մրցակիցը «թափով» թիկունք է ունեցել, նրան աջակցել է ջայլամաբուծության ֆերմա ունեցող մի «մեծահարուստ»։ Այսինքն՝ ընտրակաշա՞ռք է բաժանել։ «Ես չգիտեմ, ձեռքը չեմ բռնել»։ Ստեփանյանը հաստատել է 6-րդ վարչության ու ոստիկանության աշխատակիցների այցը համայնք, սակայն վստահեցրել է, որ ընդհարումը եղել է լրագրողների ու մրցակցի թիմակիցների հետ. «Կարծեմ լրագրողներն ուզեցել են իրենց ցուցակը նկարեն, իրանք իրանց ցուցակն ունեին, ով գալիս ընտրում, դուրս էր գալիս, ընդեղ նշում էր, թույլ չեն տվել, կարծեմ իրա մորքուրի թոռը տեսախցիկը խլել, ջարդել են։ Եկան բաժնից, տարան էդ տղերքին, հետո լսեցի, որ բաց են թողել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, նույն ինքը` Քեթրինի Միհրանը, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա չի էլ թաքցրել, որ, այսպես կոչված, պանամական գործի հետ կապված է հրաժարական ներկայացրել: Հիշեցնենք, որ օրերս մամուլում հրապարակվեց մի նյութ, ըստ որի՝ Միհրան Պողոսյանը օֆշորային տարածքում մի քանի ընկերություններ ունի, որոնց միջոցով տարեկան մի քանի միլիոն դոլարի ստվերային եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով: Բացի այդ, կիրակի` ապրիլի 17-ին էլ նրա թիկնապահները «Զվարթնոց» օդանավակայանում ծեծի էին ենթարկել օդանավակայանի աշխատակցին, ինչը, թերեւս, դարձել էր վերջին կաթիլը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Պողոսյանին ՀՀ նախագահի նստավայրից մտերմաբար խորհուրդ են տվել ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնել ու վայելել կուտակած ունեցվածքը, ինչն էլ նա արել է: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Պողոսյանի մասով մի քանի դրվագով իրավապահները քննություն են տանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ հայ հանրությանը թվացել է, թե մեր երկրին սպառնացող հիմնական վտանգը մեր հարեւան թշնամի պետությունն է, որը մշտապես սպառնում է մեզ: Սակայն այսօրվա իրողությունը ցույց է տալիս, որ արտաքին թշնամուց մենք կարողանում ենք պաշտպանվել, քանի որ մեր զավակներն իրենց կյանքն են զոհում: Բայց կա մարդկանց մի խումբ, որը պատրաստ է այդ նույն զինվորներին, նրանց ընտանիքներին նսեմացնել` զրկելով ապագայի նկատմամբ հույսից: Ավելին՝ նրանք դա անում են նաեւ այս ճակատագրական օրերին, երբ իրականում քաղաքացիներին հուսահատության տանելու ո՛չ ժամանակ եւ ո՛չ էլ ռեսուրս այլեւս չունենք: Այս կիրակի Հրազդանում եւ Թալինում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որոնցում, ըստ տեղացիների, գործող ՀՀԿ-ական քաղաքապետերի հաղթանակն ապահովելու համար տոտալ ընտրակաշառք է բաժանվել: Նկարում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն է, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (բուլկի Արամ), ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Առաջին երեքին կիրակի օրը լրագրողները տեսագրել են Հրազդանում, եւ ըստ լուրերի՝ հենց նրանք են եղել այդ քաղաքի ընտրակեղծարարների հրամանատարները: Իսկ ինչ վերաբերվում է Կամո Արեյանին, նա էլ Թալին է «գործուղված» եղել նույն նպատակով, որ հանկարծ ընտրողները չհամարձակվեն ինքնուրույն ընտրություն կատարել»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունն, ըստ էության, դարձավ պատերազմից վերադարձը հայկական իրականություն՝ գրեթե բոլոր առումներով: Այն ցույց տվեց, թե ինչքան ամուր և անառիկ է մեր ճակատը, նույնքան մերկ, անպաշտպան և խոցելի է թիկունքը: Ցույց տվեց հերթական անգամ: Միաժամանակ ցույց տվեց նաև այն, թե ինչքան սնանկ են հայտարարությունները համախմբումների մասին, որով այս օրերին կերակրվում էր հանրությունը՝ լիուլի: Մինչ հասարակությունը կերակրվում էր այդ ամենով, այդ հայտարարությունների ֆոնի տակ իշխանությունը պատրաստում և իրականացնում էր իր հերթական ակցիան, ընտրակեղծարարությունն ու վերարտադրությունը մեկ քաղաքի մակարդակում, կամ ՏԻՄ մակարդակում, որն, իհարկե, համապետական մակարդակի նախերգանքն է: Եվ այս իմաստով, օրինակ, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները հարց են առաջ բերում, թե ի՞նչ ճակատագիր է սպասում Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմամբ ստեղծված նոր քաղաքական իրողությանը: Հրազդանում ՀՀԿ արածից հետո համախմբումը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ: Այս հարցը հետաքրքրական է այն առումով, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումն, ըստ էության, ստեղծեց նոր քաղաքական իրավիճակ Հայաստանում՝ փոխելով զարգացման վեկտորները, հեռանկարները: Սակայն սրա հետ միաժամանակ Հրազդանի ընտրությունը ցույց է տալիս, որ չի փոխվել ներքաղաքական բովանդակությունը, և հստակ է, որ իշխանության թիվ մեկ խնդիրը եղել և շարունակում է մնալ ոչ թե պետությունը ամեն գնով պաշտպանելը, այլ պետությունից պաշտպանվելն ու ամեն գնով վերարտադրվելը: Հետևաբար՝ հարց է առաջանում, թե սա՞ պետք է ուժեղացնի Սերժ Սարգսյանին արցախյան բանակցություններում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով: Ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի վերհանման նպատակով Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությունն իրականացրել է ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրություն: Արձանագրվել են Հրազդան քաղաքում ընտրական գործընթացի հետ կապված 14 հրապարակումներ, որոնք վերաբերում են ուրիշի փոխարեն քվեարկելուն, լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, ընտրողներին ուղղորդելուն, դիտորդի իրավունքները խոչընդոտելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ընտրակաշառք բաժանելուն) եւ այլն: Ապրիլի 17-ին Պաշտպանի 116 թեժ գծին ստացվել է մեկ ահազանգ: Հաղորդման համաձայն՝ Թալինի բնակիչն անձնագրի հետ կապված խնդրի պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցել քվեարկությանը: Պաշտպանի ներկայացուցչի ձեռնարկած միջոցների արդյունքում քաղաքացին կարողացել է մասնակցել քվեարկությանը՝ Ոստիկանության կողմից տրամադրված անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթի հիման վրա»: