24.11.2024
ՀՀ տնտեսության «ակուլաները»․ Ալեքսանյանն ու Գազպրոմը նվազեցրե՞լ են հարկային վճարները
prev Նախորդ նորություն

Սփյուռքահային խաբելը «կմարսվի՞». Մարինա Պողոսյանի արդարացման վճիռը հարցականի տակ է

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը մեղադրվում է ուրիշի գույքը ապօրինի վաճառելու և գումարը յուրացնելու համար: Խոսքը բավականին կլորիկ` 140 հազար ԱՄՆ դոլարի մասին է: Այս պատմությունը արդեն մի քանի տարի է, ինչ շարունակվում է և նախօրեին հերթական դատական նիստն էր հրավիրվել:

Տուժողը` կանադահայ Արփի Մերասը, ով ապրում էր Կանադայում, ցավոք, հանկարծամահ է եղել, և ներկայումս նրա որդիներն են ճանաչվել իրավահաջորդ: Խնդիրը հետևյալումն է. տարիներ առաջ տիկին Մերասը Կանադայում մանկապարտեզ է հիմնում և անցած տարիների ընթացքում Հայաստանից շուրջ 30 կարիքավոր երեխաների է իր միջոցներով տեղափոխում Կանադա՝ տալով նրանց այնտեղ բուժվելու, ապրելու հնարավորություն: Հենց այդ գործունեության ընթացքում է, որ նա ծանոթանում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:


Նրանց միջև վստահելի հարաբերություններ են ձևավորվում, ինչի արդյունքում Արփի Մերասը Նալբանդյան 50, բն. 42 հասցեում գտնվող իր բնակարանի վերանորոգման աշխատանքները, իսկ հետագայում նաև հենց բնակարանին հետևելը վստահում է Պողոսյանին: 90-ականներին ձեռք բերված այս բնակարանը է սկզբում ձեւակերպված է եղել Մարինայի եղբոր՝ Արտակի անունով, բայց հետո անվանափոխվել է Արփի Մերասի անունով։ Կանադահայ կինը Մարինա Պողոսյանին լիազորագիր է տալիս բնակարանի հետ կապված հարցերում ներկայացնել վերջինիս: Լիազորագիրը տրվել է 2012 թվականին 3 տարի ժամկետով:

Ինչպես նշում է տուժողի կողմը, հանգուցյալ Արփի Մերասի մտքով անգամ չէր էլ անցնի, որ այդ լիազորագիրը Մարիա Պողոսյանը կօգտագործի սեփական գրպանը հարստացնելու համար` գաղտնի վաճառելով բնակարանն ու այնտեղ առկա ողջ գույքն ու տեղխնիկան և 140 հազարը յուրացնելով: Այս հանցավոր գործարքի մասին էլ Մերասը իմանում է բոլորովին պատահական` ծանոթներից: Բնակարանի վաճառքը տեղի է ունեցել 2014 թվականին, Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել:


2018 թվականի մայիսի 30-ին Պողոսյանն արդարացվեց Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ավելին` դատավորը առանց քննության թողեց նաև Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։ Սակայն տուժող կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոք և նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում այս տարվա առաջին դատական նիստի ժամանակ տուժող կողմը ներկայացրեց հիմնավորումները, թե ինչու Մարինա Պողոսյանի դեմ կայացված արդարացման դատավճիռը արդարացի չէ և ինչու են իրենք պահանջում մեղադրական վճիռ:

Լրագրողների հետ ճեպազրույցում տուժող կողմի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը նշեց, որ մեղադրանքը հիմնավոր է եղել.

«Մեր պնդումը հետևյալն է. լիազորագիրը հնարավորություն է տվել վաճառք իրականացնել, բայց դա հարաբերությունների արտաքին կողմն է, ներքին կողմն այն է, որ հանձնարարողը հանձնակատարի հետ պետք է ինտենսիվ կապի մեջ լիներ: Նա ինքնագլուխ իրավունք չուներ գործողություն կատարել, մինչդեռ ունենք իրավիճակ, երբ բնակարանը վաճառվել է և գումարը յուրացեվլ»,- նշեց նա:

Անանյանի խոսքով, անգամ եթե լիազորագրում վաճառքի հնարավորությունն ամրագրված է, բայց վաճառքից գոյացած գումարի նկատմամբ սեփականությունը լիազորողինն է, այսինքն ներկայացուցիչը այդ գումարի տիտղոսային տիրապետող չի: Այլ կերպ ասած, եթե ընդունենք, որ Պողոսյանը կարող էր վաճառել բնակարանը, իսկ լիազորագրի կեղծ լինելը կամ այլ խնդիր տուժող կողմը չի վիճարկել այս ողջ ընթացքում, ապա վաճառքից հետո գումարը պետք է փոխանցվեր Արփի Մերասին: Ինչը չի արվել:

«Ակնհայտ ապօրինի գործողության հետ գործ ունենք, երբ յուրացվել է ոչ միայն բնակարանի վաճառքից գոյացած գումարը, այլև բնակարանում առկա ողջ գույքի ու տեխնիկայի, սպասքի և մնացած իրերի վաճառքից գոյացած գումարը (15 հազար դոլարի – խմբ.)»,- շեշտեց Հրանտ Անանյանը, ով նույն այս հիմնավորումները ներկայացրեց նաև դատավորին:

Հարցին, թե ինչո՞ւ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այս շատ կարևոր հանգամանքը, փաստաբանը, նշեց, որ ուղղակի մոռացության է տրվել և իր բողոքը հենց այդ հիմքի վրա էլ կառուցված է.


«Ես այդտեղ և’ կաշկանդվածություն եմ նկատել, և’ դատավորի կանխակալ վերաբերմունք, ինչի արդյունքում ինքնաբացարկ եմ հայտնել դատավոր Մարտիրոսյանին: Ես հայտարարել եմ, որ նա ի վնաս տուժող կողմի է հանդես գալիս, աանգամ արգելեց, որ տուժող կողմը` Արփի Մերասի որդին, դատարանում ելույթ ունենա, և պահանջել եմ, որ ինքնաբացարկով հանդես գա դատավորը, բայց դա մերժվել է: Հույս ունենանք, որ այս անգամ տուժողի ձայնը ավելի լսելի կլինի»,- հայտարարեց նա:

Դատական նիստը երեկ ընդմիջվեց, հաջորդը տեղի կունենա արդեն մարտի 7-ին: