24.11.2024
Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը ժամանել է Հայաստան
prev Նախորդ նորություն

ՀՀ տնտեսության «ակուլաները»․ Ալեքսանյանն ու Գազպրոմը նվազեցրե՞լ են հարկային վճարները

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի՝ 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում նրանք պետական բյուջե են մուտքագրել 926 մլրդ 770 մլն 114 հազար դրամի չափով հարկեր:


Ո՞ր կազմակերպությունը որքան է վճարել


Դրա շուրջ 75.66 տոկոսը՝ 701 մլրդ 164 մլն 752 հազար դրամը հավաքագրել են հարկային մարմինները, մնացած 24.34 տոկոսը՝ 225 մլրդ 605 մլն 362 հազար դրամը՝ մաքսայինը: Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները 2018 թվականին միասին վճարել են 227 մլրդ 652 մլն 218 հազար դրամի հարկ, որը կազմում է 1000 խոշոր հարկատուների վճարածի՝ 24.56 տոկոսը:


Համաձայն 2018 թվականի պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար նախատեսվել է հավաքագրել 1 տրիլիոն 248.5 մլրդ հարկեր ու տուրքեր: Միայն 1000 խոշոր հարկատուների կողմից 2018 թվականին հավաքագրվել է բյուջեով նախատեսվածի 74.26 տոկոսը: Նշենք նաեւ, որ Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի բյուջեով նախատեսվածից շատ ավելին է հավաքագրել` 1 տրիլիոն 306 մլրդ դրամ:


Սակայն ի տարբերություն 2018 թվականի առաջին ինն ամիսների արդյունքների, երբ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում էր` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», այս անգամ առաջատարը փոխվել է:


2018 թվականի արդյունքներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 42 մլրդ 222 մլն 227 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: Նախորդ տարի ընկերությունը վճարել էր 34 մլրդ 751 մլն 753 հազար դրամի հարկ:


Խոշոր հարկատուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը՝ վճարած 41 մլրդ 47 մլն 831 հազար դրամ հարկերով: Ի դեպ, վերջին օրերին շատ է խոսվում, որ այս կամ այն ընկերությունը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ հարկ է վճարում, փոխարենը կարելի էր նկատել, որ ԶՊՄԿ-ն 2017 թվականի ամբողջ տարվա ընթացքում վճարել էր այս տարվա վճարածի կեսից էլ պակաս հարկ` 18 մլրդ 670 մլն 324 հազար դրամ:


Երրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որի վճարած հարկերը կազմել են 39 մլրդ 982 մլն 390 հազար դրամ: Քննարկվում է նաեւ, որ նախորդ տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գապրոմ Արմենիա»-ն «տարօրինակ» կերպով հանգրվանել 3-րդ տեղում: Սակայն այստեղ կարծես թե չեն ֆիքսում, որ «Գազպրոմ Արմենիա»-ի այս տարվա վճարած հարկերը գերազանցում են նախորդ տարվա վճարած հարկերին: Նախորդ տարի ընկերությունը վճարել է` 39 մլրդ 717 մլն 691 հազար դրամի հարկ:


Չորրորդ խոշոր հարկատուն «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշն» ընկերությունն է՝ իր վճարած 18 մլրդ 403 մլն 623 հազար դրամով: Հինգերորդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 16 մլրդ 819 մլն 631 հազար հարկերով:


Ալեքսանյանի գործոնը


Վեցերորդ խոշոր հարկատուն ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ»-ն է, որը պետական բյուջե է վճարել 16 մլրդ 191 մլն 390 հազար դրամի չափով հարկեր։ Թերեւս ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն այն է, որ Ալեքսանյանի ընկերությունը նախորդ տարի` 2017 թվականին, վճարել էր 21 մլրդ 470 մլն 222 հազար դրամի հարկ, այնինչ այս տարի այդ թիվը բավականին նվազել է։ Նվազել է շուրջ 5 մլրդ 278 մլն 832 հազար դրամի չափով: Որոշ մարդիկ նշում են, թե սա նշանակում է, որ նոր իշխանություններն ու Սամվել Ալեքսանյանը իրար հետ «լեզու» են գտել: Այստեղ հիմնական հարցն այն է, թե որ շրջանում է տեղի ունեցել Ալեքսանյանի կողմից վճարվող հարկերի նվազումը: Եթե նայենք 2017 թվականի առաջին եռամսյակին եւ 2018 թվականի առաջին եռամսյակին Ալեքսանյանի վճարած հարկերը, ապա այն այսպիսին կլինի` 2017-ի հունվար-մարտ ամիսներին «Ալեքս Հոլդինգ»-ը վճարել է 4 մլրդ 490 մլն 937 հազար դրամի հարկ, 2018 թվականի նույն ամիսներին` 3 մլրդ 350 մլն 227 հազար դրամի հարկ:


Այս հարցին որոշակի պարզաբանումներ է տալի Հայկական ժամանակ թերթն իր «Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը» հոդվածում։ Հոդվածագիրը նշում է, որ 2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` այսինքն հունվարից մինչեւ հունիս, Ալեքսանյանի ընկերությունը վճարել է 11 մլրդ 263 մլն 740 հազար դրամի հարկ, իսկ 2018 թվականի նույն ամիսների ընթացքում ընկերությունը վճարել է 7 մլրդ 678 մլն 256 հազար դրամի հարկ: Այսինքն, հիմնական խնդիրն առաջացել է 2018 թվականի առաջին կիսամյակում: Ընդ որում, եթե 2018 թվականի առաջին եռամսյակում Սերժ Սարգսյանն էր երկրի ղեկավարի պաշտոնին, ապա երկրորդ եռամսյակում Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ։ Այսինքն, նվազումը տեղի է ունեցել 2018 թվականի առաջին կիսամյակում:


Իրականում Ալեքսանյանի վճարած ընդհանուր հարկերը ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են։


ՊԵԿ-ից թերթին հայտնել են, որ 2017 թվականին գործել է միայն Ալեքս Հոլդինգը, որը զբաղվել է մի քանի տարբեր գործունեություններով` սուպերմարկետների ցանց, ալրաղաց, պարարտանյութի ներմուծում, մեծածախ առեւտուր եւ այլն: 2018 թվականին կազմակերպությունից թվով 7 կազմակերպություններ են ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը զբաղվել է մեկ հստակ գործունեությամբ։ Օրինակ՝ ալրաղացը սկսել է գործել Բաղրամյան ՍՊԸ-ի տակ: Այսինքն, որպեսզի կարողանանք գնահատել Ալեքս հոլդինգի հարկային վճարումները, պետք է վերցնենք 2017 թվականին Ալեքս Հոլդինգի կատարած վճարումները, եւ 2018 թվականին այդ 8 կազմակերպությունների կատարած վճարումները միասին, որովհետեւ այս 8 կազմակերպությունները իրականացրել են այն նույն գործունեությունները, որոնք նախորդ տարի` 2017 թվականին, Ալեքս հոլդինգը իրականացրել է միայնակ: Այսինքն, եթե համեմատենք այդ հարթակի վրա, ստացվում է հետեւյալ պատկերը, որ այս խմբի կողմից 2017 թվականի 21.5 մլրդ-ի փոխարեն, 2018 թվականին բյուջե է վճարվել 22.9 մլրդ դրամ:


ՊանԱրմենիան․նետ-ը հիշեցնում է նաեւ, որ հեղափոխությունից հետո Ալեքսանյանների ընկերություններում գրանցված աշխատողների թիվը կտրուկ աճել էր, ինչի մասին գրել էինք 2018-ի ամռանը։ Սակայն Ալեքսանյանը սովորություն ունի հաճախ վերանվանել, տրոհել, փոփոխել ընկերությունների անունները՝ դրանցից խոշորագույնները ժամանակին կոչվել էին «Սալեքս Գրուպ», «Ալեքս Գրիգ», «Ա և Գ» և այլն։ Այժմ Սամվել Ալեքսանյանն, ըստ ամենայնի, կրկին վերակազմավորում է իր ընկերություններից ոմանք․ «Ալեքս Հոլդինգը», որի աշխատողների թիվն ապրիլին 4310-ի դիմաց հունիսին արդեն մոտ 5200 էր, դեկտեմբերին մնացել է 144 աշխատողով։ Փոխարենը, օրինակ, հայտնվել է «Սիթին»՝ 4428, ու «Ալեքս էնդ հոլդինգը» 160 աշխատողով։


Ալեքսանյանի կամ իր ընտանիքի հետ կապվող ընկերություններից են 2017-ի կամ 2018-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում առկա «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս Գրիգ», «Ալեքս տեքստիլ», «Ալկո իմպորտ-էքսպորտ», «Ալեքս էնդ հոլդինգ», «Վեգա», «Նատալի ֆարմ», «Սիթի», «Ալկո իմպորտ էքսպորտ», «Բաղրամյան» ընկերությունները։


2018-ին Այդ ընկերությունները վճարել են մոտ 33․8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր 2017-ի մոտ 30․2 մլրդի դիմաց։ Աճը կազմել է մոտ 3․66 մլրդ դրամ կամ մոտ 12%։ Սակայն առավել հետաքրքիր է նշված ընկերությունների կողմից ուղղակի հարկերի ու այլ հարկատեսակների վճարման փոփոխությունը․ եթե, օրինակ, ԱԱՀ-ն տնտեսվարողը փաստացի, շատ կոպիտ ասած, պարզապես ստանում է գնորդից ու պետությանն է փոխանցում, իսկ տարատեսակ տուրքերն ու այլ հարկատեսակները ներառում է վաճառվող ապրանքի կամ ծառայության գնի մեջ, ապա շահութահարկը վճարվում է արդեն ընկերության շահույթից, իսկ եկամտային հարկը թույլ է տալիս պատկերցում կազմել գրանցվող աշխատողների վերաբերյալ։


Այսպես, նշված ընկերությունները 2017 թվականին վճարել են համարյա 3 մլրդ դրամ ուղղակի հարկեր։ 2018-ին նրանց ուղղակի հարկերը կազմել են համարյա 7 մլրդ (6.935 մլրդ դրամ), ուղղակի հարկերն աճել են մոտ 2․3 անգամ։ Նշված ընկերություններից միայն «Ալեքս Հոլդինգի» շահութահարկը կազմել է ավելի մեծ գումար, քան նշված բոլոր ընկերությունների վճարած շահութահարկն ու եկամտային հարկը 2017-ին։


Հավանական է, որ թե ընդամենը հարկերի, թե ուղղակի հարկերի թիվն ավելի մեծ է, պարզապես դրանք չեն երևում նոր ընկերությունների՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում չհայտնվելու պատճառով։


Ի դեպ, Ալեքսանյանը, որը հայտնի էր, մասնավորապես, շաքարավազի դաշտում մենաշնորհային դիրքով, թուլացրել է է նշված շուկայում դիրքերը։ ՏՄՊՊՀ տվյալներով, եթե մինչև հեղափոխություն նրան էր բաժին հասնում շաքարավազի շուկայի 98 տոկոսը, հեղափոխությունից հետո՝ նոյեմբերի դրությամբ, ցուցանիշն իջավ մինչև 78 տոկոս։


Հայաստանում սպառվող շաքարավազի ծավալներն 2018-ին աճել են, իսկ գինը՝ հակառակը, ընկել։ ԱՎԾ տվյալներով, 2018ին երկրում սպառվել է 81.7 հազար տոննա շաքարավազ՝ կգ-ն 330 դրամ միջին գնով, իսկ 2017-ին՝ 72․5 հազար տոննա՝ կգ-ն 398 դրամով։


Գերավճարներ չեն կատարվում


Այստեղ հատկանշական է նաեւ այն փաստը, որ այլեւս չկա նախորդ տարիներին ձեւավորված այն արատավոր պրակտիկան, որ տարեվերջին բյուջեով սահմանված հավաքագրումը չկատարելու դեպքում ՊԵԿ-ը գործարարներից հունվար-փետրվար ամսվա հարկերը նախօրոք էր ուզում, որպեսզի կարողանա իր առջեւ դրված «պլանը» կատարել:


Սրան հաջորդող յոթերորդ խոշոր հարկատուն «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 13 մլրդ 978 մլն 758 հազար դրամ հարկերով:


Ութերորդ ամենախոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 13 մլրդ 624 մլն 348 հազար դրամ հարկերով: Իններորդ ամենախոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 13 մլրդ 133 մլն 31 հազար դրամ հարկերով: Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարած 12 մլրդ 248 մլն 990 հազար դրամ հարկերով: Ստորեւ խոշոր հարկատուների 50-յակը.


11) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» - 12 մլրդ 69 մլն 511 հազար դրամ


12) «Հայկական Ատոմային էլեկտրակայան»- 10 մլրդ 111 մլն 251 հազար դրամ


13) «Մտս-Հայաստան» - 8 մլրդ 816 մլն 807 հազար դրամ


14) «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» - 7 մլրդ 886 մլն 952 հազար դրամ


15) «Նորֆոլկ Քոնսալթինգ» - 7 մլրդ 847 մլն 62 հազար դրամ


16) «Ավերս» - 7 մլրդ 657 մլն 646 հազար դրամ


17) «Երեւանի կոնյակի գործարան» - 7 մլրդ 639 մլն 174 հազար դրամ


18) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ 7 մլրդ 560 մլն 651 հազար դրամ


19) «Ադամիում» ընկերություն 6 մլրդ 313 մլն 347 հազար դրամ


20) «Գրանդ Մաստեր» ընկերություն - 6 մլրդ 165 մլն 887 հազար դրամ


21) «Յուքոմ» - 6 մլրդ 134 մլն 138 հազար դրամ


22) «Ամերիաբանկ» - 6 մլրդ 116 մլն 580 հազար դրամ


23) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» - 6 մլրդ 85 մլն 946 հազար դրամ


24) «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» - 6 մլրդ 20 մլն 723 հազար դրամ


25) «Մաքս պետրոլ» - 5 մլրդ 999 մլն 183 հազար դրամ


26) «Արմենիան Քափըր փրոգրամ» - 5 մլրդ 695 մլն 376 հազար դրամ


27) «Մոբայլ Սենթր Արթ» - 5 մլրդ 607 մլն 239 հազար դրամ


28) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» - 5 մլրդ 392 մլն 923 հազար դրամ


29) «Գրանդ Քենդի» - 5 մլրդ 53 մլն 682 հազար դրամ


30) «Նատալի ֆարմ» - 5 մլրդ 374 հազար դրամ


31) «Ինեկոբանկ» - 4 մլրդ 853 մլն 524 հազար դրամ


32) «Օնիրա քլաբ» - 4 մլրդ 808 մլն 336 հազար դրամ


33) «Լիդիան Արմենիա» - 4 մլրդ 715 մլն 475 հազար դրամ


34) «Վեոն Արմենիա» - 4 մլրդ 692 մլն 960 հազար դրամ


35) «Իմէքս գրուպ» - 4 մլրդ 679 մլն 862 հազար դրամ


36) «Արդշինբանկ» - 4 մլրդ 625 մլն 289 հազար դրամ


37) «Վեոլիա ջուր» - 4 մլրդ 273 մլն 730 հազար դրամ


38) «ՎՏԲ-Հայաստան» բանկ - 4 մլրդ 101 մլն 591 հազար դրամ


39) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - 4 մլրդ 92 մլն 559 հազար դրամ


40) «Վամ էքսպորտ» - 4 մլրդ 59 մլն 205 հազար դրամ


41) «Բարսիս» - 4 մլրդ 23 մլն 801 հազար դրամ


42) «Թեղուտ» - 3 մլրդ 973 մլն 256 հազար դրամ


43) «Վեգա ուորլդ» - 3 մլրդ 854 մլն 221 հազար դրամ


44) «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» - 3 մլրդ 749 մլն 937 հազար դրամ


45) «Սպայկա» - 3 մլրդ 747 մլն 474 հազար դրամ


46) «Սարգիս-Կարոլինա» - 3 մլրդ 700 մլն 962 հազար դրամ


47) «Հարավկովկասյան երկաթուղի» - 3 մլրդ 631 մլն 975 հազար դրամ


48) «Կոնվերս» բանկ - 3 մլրդ 548 մլն 390 հազար դրամ


49) «Դիսթրիմէքս» - 3 մլրդ 385 մլն 78 հազար դրամ


50) «Ակնաձոր» - 3 մլրդ 287 մլն 954 հազար դրամ: