Դուք պատրաստվո՞ւմ եք առաջադրվել․ ԱՄՆ մամուլը քննարկում է Բայդենին ուղղված Սարգսյանի հարցը
19.02.2019
Վերջին մի քանի օրերին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բավական հագեցած օրակարգով հանդիպումներ է ունեցել: Նա հանդիպել է տարբեր պաշտոնյաների, պետական եւ մասնավոր հատվածի գործիչների հետ, գրում է «Արմենպրես»-ը։
Դրանց շարքում կարճատև հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու գործիչները ժպիտով, ջերմորեն ողջունում միմյանց:
Զրույցի ընթացքում գործիչները կատակել են միմյանց հետ, որից հետո ՀՀ նախագահը հարց է ուղղել Բայդենին, ինչը հայտնվել է ամերիկյան մամուլի գլխագրերում: «Դուք պատրաստվո՞ւմ եք առաջադրվել»,-հարցրել է Արմեն Սարգսյանը Բայդենին՝ նկատի ունենալով 2020 թվականին սպասվող ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Պատասխանը չի լսվել, քանի որ այն եղել է շշուկով: Զրույցից հետո Ջո Բայդենը Արմեն Սարգսյանին փոխանցել է իր այցեքարտը:
2018 թվականին Ջո Բայդենը նշել է, որ մտածում է 2020 թվականին առաջադրվելու մասին: Այդուհանդերձ, նա դեռ իր թեկնածությունը չի առաջադրել:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Հաջորդ տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածուների հարցը ամերիկյան հասարակական, քաղաքական քննարկումների առանցքում թեժ թեմա է:
CNN-ի մեկնաբանն անդրադարձել է Սարգսյան-Բայդեն հանդիպմանը հետևյալ գլխագրով՝ «World Leader Puts Joe Biden on The Spot»: