24.11.2024
ՀՀ առաքելությունը Սիրիայում բացառապես մարդասիրական բնույթ ունի. ԱԳՆ-ի պատասխանն ԱՄՆ-ին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Թմրամիջոցների համար դատապարտված Աբրահամյանի օգնականը ԱԳՆ-ում խորհրդական

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում թափուր պաշտոնների համար վերջերս մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է մի շատ փորձառու, բանիմաց և անփոխարինելի կադր, ում պարագայում «մրցույթ» բառը զուտ ձևական է, քանի որ իր դեմ խաղ չկա, և ինքը բոլոր մրցույթներից դուրս է։ Խոսքը Հովիկ Աբրահամյանի օգնական-խորհրդականից սահուն Տիգրան Ավինյանի խորհրդականի կարգավիճակով նոր իշխանության մեջ հայտնված, թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտված Ժորիկ (Գեորգի) Մուրադյանի մասին է։ Նա ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ ԱԳՆ-ում դարձել է ոչ ավել, ոչ պակաս խորհրդական։ Այս առումով ԱԳՆ-ում լուրջ դժգոհություններ կան, քանի որ մեկ էլ Ժորիկը ԱԳՆ համակարգ էր ընդունվել Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ ու միանգամից նշանակվել Օդեսայում գլխավոր հյուպատոս, որից հետո նորից հանգրվանել էր Հովիկ Աբրահամյանի մոտ որպես խորհրդական։ Գեորգի Մուրադյանի մասին է ոչ պակաս հայտնի Ֆրանկլին Գոնսալես-Նարեկ Սարգսյանը գրել էր. «Ես գիտեմ, թե ինչերի միջով ես անցել, ու վերջապես առաջին քայլը եղավ»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ խորհրդարանում քննարկվում են կառավարության ծրագիրը և աղքատությունից ձերբազատվելու միջոցները, ընդդիմադիրները կատակում են, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հաղթահարել է այդ բարդույթը՝ մի կողմից նա կրճատում է հանձնաժողովների նախագահներին հասանելիք բենզինի չափաբաժինը՝ ուղիղ հիսուն տոկոսով, փոխնախագահներին զրկում ծառայողական մեքենաներից, մյուս կողմից չի հրաժարվում իրեն ուղեկցող երկու մեքենաներից մեկից․ «Այն դեպքում, երբ իր մեքենան զրահապատ է»»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ «Որքանով տեղյակ ենք` համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Գիտեք, երբ 2 երկրների ԱԳ նախարարների միջեւ լինում է հանդիպման համաձայնություն, մենք համակարգված ձեւով հայտնում ենք դրա մասին»,- ասաց ԱԳՆ մամլո խոսնակը: Ի՞նչ ասել է «համակարգված»։ «Դա հանդիպման մասին նույն օրը, նույն ժամին համատեղ հայտարարելն է»: Ի դեպ, ասում են՝ այդ հանդիպումից հետո կկայանան նաեւ Փաշինյան-Ալիեւ պաշտոնական բանակցությունները, անգամ նշվում է երկիրը` ԱՄՆ: Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տեղյակ չեմ նման հանդիպումից»: սկ ինչո՞ւ են այդքան երկար տեւում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումները, նոր սկզբունքնե՞ր են մշակվում, ժամանակին բանակցություններին մասնակցած անձն ասաց. «Որքան էլ կարծիք կա, թե ղարաբաղյան հարցով տարակարծություններ կան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, այդպես չէ։ Կարասինն անկեղծ էր, երբ ասում էր, որ կոնսենսուս կա։ Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա սիրում է շատ երկար խոսել, մանավանդ` անգլերենով։ Կարծում եմ` դա է պատճառը, ուրիշ ոչինչ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս ցուցաբերած ակտիվությունը հատկապես միջազգային ասպարեզում մի տեսակ կասկածելի է: Նա հունվարին աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրությունում էր, հետո՝ Ֆրանսիայում, հիմա էլ պատրաստվում է մեկել Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Նախագահականի հաղորդագրության համաձայն` «Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները»: Հատկանշական է, որ նախորդ տարիներին ևս Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով. Սերժ Սարգսյանը պարտաճանաչ մեկնում էր այդ միջոցառմանը: Սակայն այն ժամանակ Ս.Սարգսյանի ներկայությունը միանգամայն հասկանալի էր. սահմանադրությամբ նա ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն էր, երկրի անվտանգության երաշխավորը: Սակայն նոր սահմանադրության համաձայն` նախագահը պաշտպանության ու անվտանգության բնագավառում լիազորություններ չունի, նրա պաշտոնը խորհրդանշական է, իսկ համապատասխան ոլորտներում լիազորությունները վերապահված են վարչապետին: Այսպիսով, Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի ակտիվությունը միանգամայն հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տալիս, ու տպավորություն է, թե նա ամեն առիթ օգտագործում է` մտնելու վարչապետի լիազորությունների դաշտ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ Մասնավորապես, «Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը եւ ցուցադրել աշխատանքները։ Մարտ ամսին Երեւան է գալու այդ կամպանիայի տնօրենը՝ Զոհրաբյանի հետ քննարկելու պայմանագրի պայմանները։ Ուշագրավ է, որ պատգամավորը, ի տարբերություն «Շադոյան ֆեյշնի» հագուստների ցուցադրմանը, այս աշխատանքն անվճար չի անելու, այն համարվում է ստեղծագործական աշխատանք, եւ օրենսդրական արգելք չկա, որ պատգամավորն այն իրականացնի եւ վարձատրվի»։


«Փաստ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է մարտի սկզբին: «Փաստի» հավաստի տեղեկություններով, նա չի վերանշանակվի: Արդեն իսկ հայտարարված է մրցույթ նշյալ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար: Ամենայն հավանականությամբ, ով ընտրվի այդ հանձնաժողովի անդամ, նա էլ վարչապետի կողմից կնշանակվի հանձնաժողովի նախագահ: Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական քաղաքական որոշում չունեն, թե ով է լինելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանը «այստեղ-այնտեղ» հավաստիացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» եւ նշանակվելու է վերոնշյալ հանձնաժողովի նախագահ: Հիշեցնենք, որ Բունիաթյանը վերջերս էր հրաժարական ներկայացրել ՀՌԱՀ նախագահի պաշտոնից»:


«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ «Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը դեռևս 23 տարեկան է և ևս եղել է պետական աշխատանքի։ Պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար և Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա»։


«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավար Ինեսա Գաբայանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել, քանի որ այդ ոլորտում իրականացված ուսումնասիրությունները բացահայտել են հավելագրումների ու միջոցների յուրացման աղաղակող դեպքեր: «Իշխանությունները չեն ցանկանում դրան հանրային հնչեղություն հաղորդել, քանի որ այդ դեպքում կստացվի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները զրո կոռուպցիայի մասին, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը»:


«Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը: «Ըստ մեր տեղեկությունների` Փաշինյանն այս քայլին է գնալու՝ հաշվի առնելով Մինասյանի փորձառությունը, նաեւ սա տեղավորվում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին իր հայտարարության տրամաբանության շրջանակներում:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի բուֆետի ղեկավարությունը ցնծության մեջ է՝ երբևէ ճաշարանից այսքան մարդ չի օգտվել, որքան այս գումարման խորհրդարանում։ Ի տարբերություն նախորդի, և՛ թվով են պատգամավորները շատ, և՛ գրեթե բոլորն օգտվում են բուֆետից, ի տարբերություն նախորդների, որոնք ընդմիջումներն անում էին թանկարժեք ռեստորաններում։ Տեղեկացանք, որ բուֆետի ղեկավարությունը հավելյալ սպասք է գնել, քանի որ եղածը քչություն է անում»։


«168 ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։ Այս հարցը թեեւ օրեր շարունակ պետական գերատեսչությունների ղեկավար կազմին տրված հսկայական պարգեւավճարների թեմային զուգահեռ քննարկվում էր հասարակության շրջանում եւ սոցիալական ցանցերում, սակայն հասկանալի չէր, թե խնդիրն ինչում է։ Երեկ մեզ հայտնի դարձավ բուն պատճառը։ 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կատարողականը կազմել է 99.7 % եւ 2018 թ. հաստատված բյուջեն 3.6 մլրդ դրամով կամ 0.3 տոկոսային կետով թերակատարվել է։ Սակայն «168 ժամի» տեղեկություններով՝ իրական թերակատարումը շատ ավելի մեծ է եղել, քան վերը նշված 3.6 մլրդ դրամը, քանի որ 2018թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում հարկային եկամուտ ճանաչված գումարների մեծությունն արհեստականորեն ավելացվել է։ 2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. աոաջին երկու ամիսներին վերադարձնելու պայմանով։ Այդպիսով, իշխանությունները պատրանք են ստեղծել, իբրեւ թե Բյուջե 2018-ը թեթեւ շեղումներով կատարված է, այնինչ իրականում պատկերը շատ ավելի տխուր է, քան ներկայացնում են»:


 


«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ 53 հարցուպատասխանից հետո ԱԺ-ում հայտարարվեց հերթագրում ելույթների համար եւ ցուցատախտակի վրա գրվեց 42 անուն, դահլիճում «ախ» լսվեց: Մինչ այդ իրենց առջեւ դրված նոր համակարգիչներից գրեթե չօգտվող պատգամավորները ձեռքները կամաց տարան դեպի «կոմպի կնոպկան», որ մի բանով զբաղվեն։ Այս քառօրյայից նաեւ Wi-Fi է միացված` ուղիղ դահլիճում․ ՀՀԿ-ի ժամանակ չկար: Ի դեպ, նոր Հայաստանի նոր պատգամավորների առջեւ այս քառօրյայում նոր «այփադներ»` սենսորային համակարգիչներ են դրված` ավելի պստիկ ու սիրունիկ, քան ՀՀԿ-ի ժամանակ էր, բայց, ասում են, տեխնիկապես ոչ այնքան հարմար: Համակարգիչները, ինչպեսեւ կառավարությունում, «Արմթաբ» են` տեղական արտադրության: Դեռ հուլիսին Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել, որ այսուհետ ե՛ւ կառավարությունում, ե՛ւ ԱԺ-ում պետք է օգտվեն հայրենական արտադրությունից: Խորհրդարանի աշխատակազմը, քափ-քրտինք մտած, հասցրել էր այդ այփադները մինչ կառավարության ծրագրի ներկայացումը տեղադրել-գործարկել: Իսկ ի՞նչ եք արել հին համակարգիչները` հարցրինք։ «Դրանք տրվում են աշխատակազմին` ի անհրաժեշտություն»: Ի դեպ, այդ «հին» համակարգիչները պառլամենտը նվեր էր ստացել Կորեայից, իսկ նորերը գնվել են նախկին աշխատակազմի կողմից։ «Դե, մի քիչ զեղչով` դրանք կարծես արժեն 170 հազար դրամ, գնվել են 130 հազարով` ի աջակցություն տեղական արտադրության»: Ի դեպ, «այդ այփադները ներքին շուկայում չեն վաճառվում եւ փչանալու դեպքում չեն նորոգվում, ուստի սկզբում գնվել են 130 հատ` «զապասով»։ Երբ պարզվել է, որ նոր խորհրդարանում լինելու է 132 պատգամավոր, թիվը հասցրինք 150-ի»,- ասաց աշխատակազմի մեր աղբյուրը: