27.11.2024
Զատուլինը` «Լապշինի գործի» մասին. Ես ամաչում եմ Լուկաշենկոյի համար
17.02.2017
Զատուլինը` «Լապշինի գործի» մասին. Ես ամաչում եմ Լուկաշենկոյի համար

ԱՊՀ տարածքում վտանագվոր նախադեպ է ստեղծվել, ըստ որի միջպետական և միջազգային օրակարգի բարդ հարցերը հասվցում են երրորդ երկրների քաղաքացիների հետապնդման, որոնք հակամարտության մասնակիցներ չեն: Այդ մասին ասվում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հոդվածում`նվիրված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին: Զատուլինը հիշեցնում է, որ «Լապշինի ամբողջ մեղքն այն է, որ նա չարտոնված այց է կատարել Լեռնային Ղարաբաղ, որի համար նրան 8 տարվա ազատազրկում է սպառնում»: «Բողոքարկումներն ու բազմաթիվ միջնորդությունները ձերբակալվածին ազատ արձակելու վերաբերյալ ինչպես ռուսական կողմից, այնպես էլ Իսրայելից, որոնց քաղաքացին է Լապշինը, անպատասխան մնացին Մինսկի կողմից: Այդպիսով, ԱՊՀ տարածքում վտանգավոր նախադեպ է ստեղծվում ըստ որի միջպետական և միջազգային օրակարգի բարդ հարցերը, որոնց հանգուցալուծման համար տարիներ շարունակ աշխատում են պաշտոնական կողմերը, ինչպես օրինակ ղարաբաղյան հակամարտության դեպքում, հանգեցվում են երրորդ երկրների քաղաքացիների հետապնդման, որոնք ոչ մի մասնակցություն չունեն հակամարտությանը»,-ասվում է հոդվածում: Հեղինակը գրում է, որ «ՌԴ քաղաքացին, առանց նրա համաձայնության և հակառակ նրա կարծիքին, փոխանցվում է մի պետության կողմից մյուսին քաղաքական դրդապատճառով ազատազրկվելու համար»: «Հատկապես տարակուսելի է այն փաստը, որ որոշումը կայացվել է Բելառուսում, որը ՌԴ հետ Դաշնային միության, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, այսինք ամենասերտ հարաբերություններն ունի:Ես ծանոթ չեմ Լապշինին: Սակայն շատ ցավալի է, որ ադրբեջանական կողմն ընտրել է քաղաքացիական անձին` բլոգերին ու լրագրողին, հետապնդելու ճանապարհը որպես ԼՂ համար պայքարում ինքնահաստատվելու միջոց»,-գրում է Զատուլինը: Ըստ նրա, Ադրբեջանի այդպիսի վրեժխնդրությունը միայն նվաստացնում է Ադրբեջանի հեղինակությունն այն երկրների հասարակական դաշտում, որոնց կարծիքը պիտի որ կարևոր լինի նրա համար: Դա ստիպում է հիշել «ազգային հզորության այնպիսի ապացույցի մասին», ինչպիսին է Հունգարիայից փրկագնի դիմաց մանյակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Բաքվին, որտեղ նրան ազգային հերոսի կոչում շնորհվեց»: «Ես ամաչում եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի և մեր Դաշնային պետության համար: Եթե այն, իհարկե, դեռ գոյություն ունի: Համաձայնեք, վերջին շրջանում դա կասկածներ է հարուցում` մեր ժամանակակից պատմության ամենաբեկումնային ու կրիտիկական պահերին մեր դաշնակցի վարքագծի և ՌԴ մասին նրա դատողությունների ֆոնին»,-ասվում է Զատուլինի հոդվածում: Վերջում Զատուլինը հույս է հայտնել, որ ՌԴ ԱԳՆ-ն կհասնի Լապշինի վերադարձմանը: «Հակառակ դեպքում մերձավոր արտերկրում քաղաքական կամ տնտեսական դրդապատճառներով օտարերկրյա քաղաքացիներով «առևտրի» համաճարակը կանդրադառնա կրկին իրենց համար ամառային Ղրիմը բացահայտած ՌԴ շարքային քաղաքացիների վրա»,-եզրակացրել է նա: