Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնել են Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգում ուժերի եւ միջոցների կազմի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է գլխավոր շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության օդային եւ տիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիին»: Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգում Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից հատկացվող զորքերի ցանկը ստորագրվել է: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ-ի եւ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի ղեկավարները: Ցանկը հաստատելու համար ուղարկվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին եւ Հայաստանի նրա գործընկեր Վիգեն Սարգսյանին: Զորքերի եւ ուժերի համանման ցուցակն արդեն համաձայնեցվել եւ հաստատվել է Ղազախստանի հետ: «Ռուսաստանի եւ Ղրղզստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Տաջիկստանի հետ միավորված տարածաշրջանային համակարգերի ստեղծման մասին փաստաթղթերի համաձայնեցումը շարունակվում է», - ավելացրել է Կուրաչենկոն: