27.11.2024
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
13.02.2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անցած հարուստ պետական-քաղաքական ուղին և պատկառելի փորձը լավագույնս կծառայեն Գերմանիայի հետագա զարգացմանն ու շարունակական վերելքին, միջազգային ասպարեզում դերակատարության ավելացմանն ու գերմանացի բարեկամ ժողովրդի բարօրությանը: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարը երկու երկրներն ամփոփում են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում լուրջ ձեռքբերումներով և դրանք երկուստեք լրացնելու պատրաստակամությամբ, ինչի մասին են վկայում վերջին տարիներին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ այցերի զգալի ակտիվացումը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը Գերմանիայի հաստատակամ աջակցությունը։ «Այսօր Գերմանիան նաև Հայաստանի առաջնային տնտեսական և դոնոր գործընկերներից է, մեր երկրում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումների հետևողական աջակիցը: Մեծապես կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր գործակցությունը խարսխվում է ոչ միայն փոխադարձ շահերի, այլև ընդհանուր արժեհամակարգի վրա: Դրա վկայությունն էր նաև անցյալ տարի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Անձամբ ծանոթ լինելով Ձեր պրոֆեսիոնալիզմին ու հայրենասիրությանը՝ համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները ոչ միայն կպահպանեն ներկայիս դինամիկան, այլև նոր խթան կստանան՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրությա»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: